News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիան եւ Իրանը, որոնք ավանդաբար մրցակցության մեջ են, նորից գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: Անկարան եւ Թեհրանը մեկը մյուսի հետեւից հանդես եկան կտրուկ հայտարարություններով՝ միմյանց մեղադրելով տարածաշրջանում լարվածություն եւ անկայուն իրադրություն ստեղծելու մեջ: Արդյունքում Թուրքիայի իշխանություններն Իրանին խորհուրդ տվեցին կառուցողական քայլեր ձեռնարկել եւ «աչքի ծայրով նորից դիտել իրենց տարածաշրջանային քաղաքանությունը»: Թեհրանն էլ պատասխանեց, որ մտադիր չէ հաշվի նստել նման հռետորաբանության հետ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում, եւ նախազգուշացրեց, որ «իր համբերությունը սահման ունի»:

Այն մասին, թե որքան լուրջ կարող են լինել երկու տերությունների լեզվակռվի հետեւանքները, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին զրուցել ենք իրանագետ Կարինե Գեւորգյանի հետ:

Տիկին Գեւորգյան, ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ամրապնդել իրենց համագործակցությունը։ Այդ կապակցությամբ Իրանը վերջերս հայտնել է Մերձավոր արեւելքում ռուս-իրանական ռազմավարական միություն ստեղծելու ցանկության մասին։ Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

Ըստ էության, մարտավարական մակարդակի վրա այդ միությունն արդեն ձեւավորվել է։ Հենց միայն Իրանի հետ միասին Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում գործողություններին նշանակում է ռազմավարական միության ձեւավորում։ Հիմա կողմերը, հնարավոր է, իրենց հայտն են ներկայացնում տարածաշրջանի նկատմամբ, ներառյալ Իրաքը, որտեղ Իրանը հսկայական ազդեցություն ունի։ Չէ՞ որ Իրաքի բնակչության մեծ մասը շիաներ են ու Իրանն արդեն վաղուց դանդաղ, հանգիստ, մտածված ձեւով անվտանգության գոտի է ստեղծել իր սահմանների շուրջը, որոնց թվում են Իրաքն ու Աֆղանստանը։

Ինձ թվում է, որ Իրանում ներքաղաքական պայքարի պատճառով այդ գործընթացը հասարակ ու հեշտ չի լինի, բայց դրա համար լուրջ հեռանկար կա:

Մերձավոր արեւելքում ռազմավարական գործընկերությունից բացի Ռուսաստանի ու Իրանի միջեւ քննարկվում է Ռուսաստան- Վրաստան- Հայաստան- Իրան եւ Ռուսաստան- Ադրբեջան- Իրան էներգետիկ միջանցքների նախագիծը։ Ի՞նչ քաղաքական ու տնտեսական նպատակներ են հետապնդում Ռուսաստանն ու Իրանը այդ նախագծի շրջանակում ու ինչ կստանա Հայաստանը այդ նախագծի իրականացման արդյունքում։

Եկեք իրարից տարանջատենք։ Ինչ վերաբերում է Վրաստանին՝ իրականությունն այն է, որ գազն ու էլեկտրաէներգիայի ոչ փոքր մասը Վրաստանը ստանում է հենց Ռուսաստանից։ Ադրբեջանը գազը Ռուսաստանից է ստանում։ Եվ այս իմաստով անկասկած ստեղծվում է երկու երկրների յուրահատուկ էներգետիկ կախում Ռուսաստանի ռեսուրսներից ու հնարավորություններից։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում էր կարծես ինչ-որ կերպ հավասարակշռել իր փոխհարաբերությունները, քանի որ Ադրբեջանը նրան հետաքրքրում է որպես գազի միջանցք, որով ռուսական գազը կարող է Թուրքիայի տարածքով, տրանսանատոլիական գազատարով, հետո էլ Միջերկրական ծովով հասնել Եվրոպա։

Որքանով ես գիտեմ՝ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ու թույլատրել այդ կոմունիկացիայի շինարարությունը: Ըստ էության, դա կնշանակի, որ պաշտոնապես գազը ադրբեջանական է լինելու, իսկ իրականում՝ ռուսական։ Եվ իհարկե «Գազպրոմը», որը խոշորագույն քաղաքական լոբբիստ է, հայտնվել է տարածաշրջանում։ Խոսքը խոշոր շահերի՝ տարեկան 20 հազար խորանարդ մետր գազի մասին է, որը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով։

Տվյալ դեպքում Ադրեբջանի այդ լոբբիզմը բավականին լրջորեն է ազդել տարածաշրջանում քաղաքական հարաբերությունների վրա, քանի որ ինչպես գիտենք, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է (Հայաստանը ՀԱՊԿ անդամ է) ու հենց Հայաստանի տարածքում է գտնվում Ռուսաստանի առանցքային ռազմակայաններից մեկը։

Իսկ Ռուսաստանն իր տարածքից դուրս քիչ բազաներ ունի ու Գյումրիի բազան ինչ-որ իմաստով Ռուսաստանի համար աջակցություն է նաեւ Սիրիայում, քանի որ ըստ էության դա մեկ տարածաշրջան է՝ Միջին արեւելք։ Դրա համար էլ Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է այդ բազայի պահպանումը, դրա ընդլայնումը եւ այլն։ Ըստ երեւույթին, Ռուսաստանը ստիպված կլինի իրեն բավականին ճկուն պահել, ինչը իմ կարծիքով դրսեւորվեց Լեռնային Ղարաբաղում վերջին մարտական բախումների ժամանակ՝ ռուսական զինված ուժերը Հայաստանի տարածքում անմիջապես սկսեցին ուսումնական գործողություն, որը որոշ իմաստով ցույց տվեց, որ կան կարմիր գծեր, որոնք Ադրբեջանը այլեւս չպետք է հատի։

Վերջին օրերին Թուրքիան ու Իրանը մեղադրում են իրար տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու մեջ։ Որքանո՞վ հեռու կգնան Թուրքիան ու Իրանը փոխադարձ մեղադրանքներում, արդյոք դա կհանգեցնի՞ երկկողմ հարաբերությունների լուրջ սրման ու ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա։

Եկեք նկարագրենք երկու երկրները կայունության հեռանկարների տեսակետից։ Իմ կարծիքով Իրանը հասարակության մոդելիզացված տիպի երկիր է ու այդ իմաստով իրանցիները բավականին սթափ են վերաբերում իրենց քաղաքական ղեկավարությանը, նաեւ այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում։

Հասարակությունը բավականին համարժեք է գնահատում աշխարհի իրադարձությունները, ու Իրանը կայունություն պահպանելու շատ շանսեր ունի։ Իրանը հին կայսրություն է, որտեղ փոքրամասնություններին բավականաչափ ուշադրություն է հատկացվում։ Դա ավանդաբար է այդպես եղել, այդպես էր շահերի ժամանակ, այդպես է նաեւ հիմա։ Դրա համար էլ Իրանը միշտ պաշտպանել է իր փոքրամասնություններին արտաքին հարձակումներից։

Քչերը գիտեն, որ օրինակ քրդական ցեղերը, որոնք ապրում են Իրաքի տարածքում, հաճախ հարձակումներ էին իրականացնում Իրանում ապրող իրենց ցեղակիցների վրա։ Եվ այդ ժամանակ, եթե կարելի է այդպես արտահայտվել, դաշնային զորքերը գալիս ու փրկում էին իրենց քրդերին։ Դրա համար էլ Իրանում օրինակ քրդական անջատողականության մասին խոսելը , ինչպես ոմանք են փորձում, իմ կարծիքով պարզապես ծիծաղելի է, քանի որ իրանցի քրդերը պետության ու պարսկալեզու իրանցիների հանդեպ չունեն նման լուրջ վիրավորանքներ, ինչպիսիք ունեն Թուրքիայում բնակվող քրդերը։ Իսկ Թուրքիան, միանալով սիրիական արշավին, ի սկզբանե Սիրիային պարզապես զրկելով եփրատյան ջրից, Եփրատի վրա կասկադներ կառուցելով, ինչն էլ հենց երաշտի, սովի ու հետագայում սոցիալական պայթյունի պատճառ էր դարձել, իսկ դրանից հետո նաեւ իր ուժային միջամտությամբ ստեղծել է մի իրավիճակ, որը իմ կարծիքով, կարող է հենց Թուրքիայում լուրջ ապակայունացում առաջացնել, մանավանդ այնտեղ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Չնայած ռեպրեսիաներին ՝ այդ սպառնալիքն իրոք կա, քանի որ հասարակությունը պառակտված է, տարածաշրջանային իշխանությունները մոլորված են, բավականին խոշոր չինովնիկների են կալանավորում եւ այլն։ Եվ դա իհարկե չի կարող չազդել ներքին իրավիճակի վրա, որը պայթյունավտանգ է դառնում։

Այն, որ երկու երկրներն էլ փոխադարձ պահանջներ ունեն, վաղուց է հայտնի։ Իրանը նաեւ տարածքային պահանջ ունի Թուրքիայից, ինչը սակայն, նրանց չի խանգարել պայմանավորվել։ Ի վերջո Հայաստանն էլ է ստիպված այսպես թե այնպես ինչ-որ հարաբերություններ կառուցել այդ նույն Թուրքիայի հետ, քանի որ հայտնի իրադարձությունները վաղուց են տեղի ունեցել։ Այս առումով իրանցիների համար էլ նույն վիճակն է՝ իրադարձությունները հարյուրամյա վաղեմության են։ Թուրքիան միշտ եղել է Իրանի մրցակիցը։ Բյուզանդիան կամ Օսմանյան կայսրությունը միշտ եղել է Իրանի մրցակիցը, այդուհանդերձ այդ երկրները պետք են իրար ու Իրանը Թուրքիային օգտագործել է որպես տարանցիկ տարածք, իսկ Թուրքիան դրանից բավականին լավ եկամուտներ է ստացել, դրա համար էլ ոչ ոք չի ուզում զրկվել դրանից։ Այնպես որ կողմերը ձգտում են իրարից ինչ -որ բան ստանալ։

Ես հիշեցնեմ, որ ոչ միայն Թուրքիան, ոչ միայն թուրք քաղաքական գործիչներն են կոշտ հայտարարություններ արել։ Համեմատաբար վերջերս, Ադրբեջանի Մեջլիսի նախագահի տեղակալը բավականին կոպիտ է արտահայտվել Իրանի մասին՝ նշելով, որ եթե Իրանը ինչ -որ ձեւով ինչ -որ բան փորձի անել, ապա Ադրբեջանը կպատառոտի Իրանը, ու դա ինձ մոտ առնվազն ժպիտ է առաջացնում։ Այսինքն նա Իրանին սպառնացել է տրոհումով, եթե վերջինը դրսեւորի վարքագիծ, որը Ադրբեջանին դուր չգա, բայց ինքներդ եք հասկանում, որ Ադրբեջանն այդ դեպքում պետք է ինչ -որ մեկին ապավինի։ Այս համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այս երկու ելույթները բավականին համաձայնեցված են, ինչը շատ ուշագրավ է։

Ես կցանկանայի եւս մեկ բան ասել։ Ադրբեջանում հիմա քննարկվում է մի հետաքրքիր հարց՝ քանի որ այդ երկրի բնակչության 60 տոկոսը շիա է, իսկ 40 տոկոսը՝ սուննի, ապա հիմա հատկապես մտավորականության շրջանում լրջորեն բարձրացվում է այն հարցը, թե ինչ է տալիս պատկանելիությունը իսլամի շիա ուղղությանը։ 

Բացի դրանից, փորձագետների մոտ 20 տոկոսը համարում է, որ երկրում արմատական տրամադրությունները գրեթե մոտ են վահաբիթականին։ Դա բավականին հետաքրքիր է, քանի որ Ադրբեջանում նույնպես բավականին սպեցիֆիկ գործընթացներ են ու Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ճիշտն ասած, հեռու են իդեալականից։

Բացի այդ ամենից, դա տեղավորվում է Իսրայելի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակցության համատեքստում, թեեւ այստեղ էլ կան որոշ ոչ պակաս կարեւոր հակասություններ Թուրքիայի ու Իսրայելի միջեւ։ Բայց այս դեպքում ես կասեի, որ այս երեք պետություննները հիմա փորձում են ճանապարհային քարտեզ գծագրել, որը տեղավորվում է այն համատեքստում, ինչ Դոնալդ Թրամփն էր ասում Իրանի մասին։ Բայց աշխարհի բոլոր մասնագետների մոտ իհարկե շոկային վիճակ էր, երբ Թրամփը Իրանին ահաբեկչական երկիր կոչեց։ Դե, ինչում ասես կարելի էր մեղադրել, միայն ոչ դրանում։ Եթե Իրանին գոնե մեկ անգամ բռնացնեին ահաբեկչության մեջ, դուք հասկանում եք, թե ինչ հետեւանքներ դա կունենար։ Այդ երկիրը առանց այդ էլ ապրել ու ապրում է պատժամիջոցային պայմաններում։

Դրա համար, այս դեպքում, ես չեմ պաշտպանում Իրանը, բայց իմ կարծիքով այն խուլիգան պետություն չէ, այն պայմանագրին հավատարիմ պետություն է։ Իրանի ղեկավարությունը ու առհասարակ իրանցիները ավանդաբար, պատմականորեն պայմանագրին հավատարիմ մարդիկ են։ Եթե նրանք որեւէ մեկի հետ պայմանագիր են կնքում, նրանք կհետեւեն դրա տառին։ Այլ բան է , որ նրանց հետ բավականին դժվար է բանակցելը, կամ պայմանավորվելը, բայց նրանք շատ հուսալի գործընկեր են, եթե պայմանագիրն արդեն ստորագրված է։ Մեջքից հարված հասցնելը նրանց բնորոշ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ