«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է նոր քաղաքական պլատֆորմ ձեւավորել։ Այս մասին այսօր՝ մարտի 8–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։
«Մի խումբ քաղաքացիների հետ նոր քաղաքական պլատֆորմ ենք հիմնում, որը կհամախմբի ողջ հայությանը։ Մեր հայրենակիցներն այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտագործելուց եւ լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սփռված են ողջ աշխարհով մեկ եւ հետեւաբար, չեն կարող մասնակցել քվեարկության։ Ընտրական տեղամասեր բացվելու են միայն Հայաստանում, իսկ օտար երկրներում չկան»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։
Պատգամավորի խոսքով, շատ է խոսվում այն մասին, թե ինչպես ներգրավվել սփյուռքահայերին Հայաստանի զարգացման գործում, սակայն դրա համար չեն տրվում նրանց քաղաքական իրավունքներ. «Մինչդեռ քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն են այն հիմքը, որի միջոցով մեր հայրենակիցները ներդրումներ կկատարեն Հայաստանում եւ կնպաստեն մեր պետության զարգացմանը։ Այս բացն առկա է, եւ որեւիցե մեկը քաղաքական պլատֆորմ չի առարաջկել, այդ իսկ պատճառով նոր քաղաքական ուժի նախաձեռնող խումբը միտված է լինելու այս խնդրի լուծմանը»։
Նրա խոսքով, մարտի 15–ին տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը, որի ժամանակ էլ կհայաարարվի նոր քաղաքական ուժի անվանումն ու ծրագրային թեզերը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը շաբաթներ առաջ դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, քանի որ այն միացավ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի թիմին եւ ձեւավորեց դաշինք՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։



























