News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ափսոսում եմ,  որ Զարուհին, ինչպես նաեւ մեկ-երկու ուրիշներ հեռացել են կուսակցությունից»: Մարտի 20-ին Վանաձորում  կայացած հանրահավաքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ու Անահիտ Բախշյանի կուսակցությունից հեռանալու հարցին:

«Ես խնդրել եմ, որ իրենք մնան: Զարուհու, Անահիտի հայրենասեր տեսակը պետք է մեր քաղաքական դաշտում եւ իրենց ամենաբարին եմ մաղթում: Սակայն ճշմարիտ չէ, որ մենք հեռացել ենք մեր սկզբունքներից, որովհետեւ հենց «Ժառանգությունն» է, որ դրել է քաղաքացու իշխանության, մարդու իրավունքի՝ սեփական երկրում, ազգային շահի, Արցախի  տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաեւ  իշխանության ապահովման խնդիրը թե մեր երկրի ներսում՝ քարոզարշավի ժամանակ, թե միջազգային ատյաններում»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա հետ հարցազրույցը ստորեւ.

Խոսակցություններ կան, որ դուք ամեն կերպ խոչընդոտում եք Զարուհի Փոստանջյանի կուսակցության կայացմանը, քանի որ մտավախություն ունեք, որ «Ժառանգության» որոշ անդամներ կհեռանան Ձեզնից:

Եթե կուզենայիք աղբյուր ասել,  ես կպատասխանեի ձեր աղբյուրի դիմաց, բայց ես նման բան չեմ լսել եւ ընդհակառակը, «Ժառանգությունը» ազատ քաղաքացիների միավորում  է եւ դուք տեսել եք մեր գործունեությունը մարտի մեկից՝ քաղաքացիների ու ոստիկանների արանքում, մինչեւ քաղաքական բանտարկյալների պաշտպանություն, մինչեւ Սասնա ծռերի զորակցություն:

Մեզ մոտ նման խոչընդոտներ երբեւէ  չի եղել ոչ մեկի նկատմամբ, առավել եւս մեր շատ շնորհալի, հայրենասեր համաքաղաքացու նկատմամբ: Դա ճշմարիտ չէ:

Պարոն Հովհաննիսյան, նշում էիք, որ ուզում եք երեք ուժերով միասնական հանդես գալ,  որպեսզի հնարավոր լինի մեծամասնություն կազմել ԱԺ-ում, սակայն ըստ սոցհարցումների դաշինքը կարող է նվազագույն 7 տոկոսի հաղթահարման խնդիր ունենալ:

Կյանքը պայքար է: Այո, մենք պետք է պայքարենք ամեն օր ժողովրդին հասկացելու համար, որ ոչ փողն է, ոչ իշխանությունը, ոչ աթոռը, ոչ զենքը, ոչ սպառնալիքը, ոչ  բարեգործությունը, այլ համապարփակ ծրագրային այլընտրանքը, որ Հայաստանը պետք է բերի իրավական ժողովրդավարական երկրի:

Եվ դա պիտի անենք, բայց միաժամանակ պետք է հիշեցնեմ մեր միջին քաղաքացու հոգեբանությունը. ո՞ւմ հարցին է պատասխանում հրապարակայնորեն եւ ո՞վ է  անցկացնում հարցումը: Որպես օրինակ կարող եմ բերել նախագահական վերջին ընտրությունները, որի նախաշեմին իմ տոկոսը 5 տոկոս էր գրվում, բայց դուք գիտեք, որ  պաշտոնապես խփված տոկոսը դրանից մի քիչ ավելի շատ էր:

Սոցհարցումները պետք է գնահատել, տեսնել թե ով է աղբյուրը, բայց, իմ կարծիքով, դինամիկան ակնհայտ  է: Մեր միասնական դաշինքը գնում է դեպի  առաջ ու ժողովուրդը տեսնում է, որ այստեղ կա իրական միասնություն…

ՕՐՕ դաշինքի քարզարշավի ընթացքում վերջին օրերին մի շարք միջադեպեր գրանցվեցին: Ինչպե՞ս է պատասխանելու դաշինքը դրանց:

Ես կարծում եմ,  որ պատասխանը կլինի թե՛ իրավական, թե՛ ընտրությունների միջոցով, թե՛ նաեւ հայաստանյան ավանդույթների համապատասխան:Նրանք, ովքեր կատարում են ոճրագործություն, քաղաքացու նկատմամբ ոտնձգություն, պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե ոչ,  ապա ժողովրդի ճնշմամբ, ընտրությունների էվոլուցիայով պետք  է վերջնաարդյունքում տեսնենք, որ նրանք, ովքեր կատարել են այդ ոճրագործություները, մաս են կազմում կուսակցապետական ապօրինի, անօրեն  մեքենայի, որը ուզում է կեղծել նաեւ այս հերթականը: Մենք բոլորս գիտենք, որ այդ կուսակցապետությունը պետք է իր վերջը գտնի, որ ինքը պետք է դառնա ընդդիմություն, այդ իշխող ուժերը պետք է պարկեշտանան ընդդիմություն լինելով եւ վերջապես պետք է սահմանադրական պահանջը կատարելով, ժողովրդին իշխանությունը վերադարձնելով իշխանության գա այն ուժը, որ կրում է իսկական մանդատը ՀՀ քաղաքացիների:

Դուք մշտապես կողմ եք եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը, իսկ Վ. Օսկանյանը երբեւէ նման հարց չի բարձրացրել: Ավելին, նա Քուվեսթյան գագաթաժողովից հետո հայտարարել է, որ պետք է վերադարձվեն օկուպացված 6 շրջանները: Հիմա նա փոխե՞լ է իր տեսակետը, թե այս շրջանում այդքան էլ չեք կարեւորում այդ հարցը:

Ես ասացի Ապարանի հանդիպման ժամանակ, որ ես հարցը բարձրացրել եմ իմ գործընկերների մոտ եւ ստացել եմ բավարարող պատասախաններ: Մեր մոտեցումն այն է, որ Արցախը ինքը արդեն միջազգային կոնվենցիայի համապատասխան, իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, արժանի է ճանաչման իր անկախությունը, ինչպես նաեւ իր տարածքային ամբողջականությունը: Հարցը այն էր, թե դա իրական կյանքում տեղի կունենա միջազգային հանրության կողմից ճանաչման միջոցով,  թե միացման միջոցով:

Ներկա դրությամբ Արցախն ունի սահմանադրական տարածքներ եւ դրանք զիջելու որեւէ մտադրություն չկա: Այն  բանից հետո, երբ Հայաստանը եւ միջազգային հանրույթը ճանաչի Արցախը, այն ժամանակ հայ ժողովուրդը կարող է դիտարկել երկկողմանի ճշգրտումներ եւ հարցերի լուծում: Օրինակ, սահմանների վերջնական տարանջատումը, գաղթականների վերադարձը, ապառազմականացման խնդիրները: Բայց ես կարծում եմ դուք չեք գտնի հիմա այստեղ, համար 8-ի ներքո որեւէ մեկին, ով կխոսի օկուպացված տարածքների վերադարձի մասին: Օկուպացիայի ենթարկվել է Նախիջեւանը, Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը՝ Ադրբեջանի կողմից, օկուպացիայի տակ է  նաեւ Արեւմտյան Հայաստանը: Հայ ժողովուրդը միայն իր իրավունքների տերն է եւ հայրենագրությամբ է զբաղվում:

Ով ինչ ասել է անցյալում, դուք հիշեք, թե ինքը ասել է ո՞ր իշխանության ժամանակ եւ ի՞նչ համատեքստում: Հիմա շատ ուրախ եմ, որ նրանք,  ովքեր եղել են պետության մեջ երկար տարիներ եւ ես, որ եղել եմ իշխանությունից դուրս երկար տարիներ, հասկանում ենք, որ առաջնորդվում ենք քաղաքացու շահով, ազգային, կենսական շահի գերակայությամբ եւ Հայաստանի ինքնիշխանության գերակայությամբ:

Այսինքն՝ պարոն Օսկանյանի տեսակետը փոխվե՞լ է:

Պրն Օսկանյանը բավական հստակ խոսեց եւ ասաց, որ Արցախը  պետք է ճանաչվի եւ պետք է միանա Հայաստանի Հանրապետությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ