News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք վերջնական հանգրվանի  պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ.

«Հայրենակիցնե՛ր,

Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։

Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։ Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջնական հանգրվանի  պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Հայաստանը վաղուց զոհ չէ եւ չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։

Մեր միասնականության ծովն այլեւս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին եւ մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսուհետ լինելու նրանց տունը։ Ամենա-կարող Աստծո զորությամբ։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ եւ ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ եւ ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաեւ ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերեւս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարեւոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաեւ բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու-նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում եւ սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետեւողականորեն ավելացում։

Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր եւ ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:

Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես  իմաստ չունի լավ կյանքի պատկերացումներից խոսել, եթե պատկերացում չունես, թե այդ կյանքի իրավունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տեւական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է։ Հիշե՛ք Արցախյան հերոսամարտում զոհված ընկերներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջերմությունն իրենց զինվոր-սաների մարտական պատրաստության նոր ձեռքբերումներն են։

Հիշե՛ք այս պատկերները եւ ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ