Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը ցավակցել է Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի վրաերթի հետեւանքով տուժածներին ու նրանց հարազատներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես եւ ամբողջ թագավորական ընտանիքը ցնցված ենք Ստոկհոլմում օրվա երկրորդ կեսին տեղի ունեցածից։ Տեղի ունեցածի մասշտաբը դեռ հայտնի չէ։ Մենք հետեւում ենք զարգացումներին, հիմա մեր մտքերը տուժածների ու նրանց ընտանիքների հետ են»,- ասել է թագավորը։
Շվեդիայի ռադիոն, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում զբոսնող մարդկանց բազմության մեջ ու կանգ առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո։ Շվեդական Spendrups ընկերությունը հայտնել է, որ այդ բեռնատարը ավելի վաղ առեւանգվել էր անհայտ հանցագործի կողմից։ Բեռնատարի վարորդին ձերբակալել են։
Ոստիկանությունը կարգադրել է տարհանել Ստոկհոլմի կենտրոնական կայարանը, դադարեցված է երկաթգծային երթեւեկությունը, քաղաքային մետրոն փակվել է։ Քաղաքի կենտրոնը հսկողության տակ է։
Շվեդիայի վարչապետի խոսքով բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։











