News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս շատ է խոսվում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վերսկսված «սառը պատերազմի» մասին: Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է: Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են:

Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ «սառը պատերազմը», իսկ այնուհետեւ՝ սպառազինությունների մրցավազքը տեղի էր ունենում տնտեսական եւ ռազմական ներուժի առումով համադրելի միավորների միջեւ, գումարած դրան՝ Խորհրդային Միությունն ուներ բազմաթիվ դաշնակիցներ (արբանյակներ) Եվրոպայում, որտեղ պահում էր իր զորքը, ինչպես նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում:

Այսօր Ռուսաստանը նույնիսկ Բելառուսի եւ Ղազախստանի վերաբերյալ չի կարող 100 տոկոսով վստահ լինել: Իսկ եթե խոսենք տնտեսական ներուժի մասին, ապա հանած գազը եւ նավթը՝ Ռուսաստանն իր տնտեսության «հզորությամբ» հավասար է Թուրքիային: Այո, Ռուսաստանը միջուկային տերություն է, բայց ինձ թվում է՝ 21-րդ դարում միջուկային մահակը թափահարելն այնքան էլ արդյունավետ մարտավարություն չէ՝ դա ավելի շուտ Հյուսիսային Կորեայի նման «ոչ ադեկվատ» պետությունների ոճն է:

«Սառը պատերազմ», հետեւաբար, չկա: Կա աղքատ, տեխնոլոգիապես թերզարգացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին: Այդ փորձերն առանձնապես հաջող չեն՝ Ռուսաստանը չկարողացավ մարսել Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը: (Մինչդեռ Միացյալ Նահանգները մարսեց, մասնավորապես, Իրաքի եւ Լիբիայի ավերումը): Պուտինը փորձեց հակախաղ գտնել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ Բաշար Ասադին այս պահին ձեռնտու է լինել Ռուսաստանի դաշնակիցը:

Մտնելով այդ խաղի մեջ` Ռուսաստանը հույս ուներ Միջին Արեւելքում դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն: Որոշ ժամանակ դա, կարծես, հաջողվում էր՝ Օբամայի վարչակազմը թեեւ դժգոհ էր, բայց կտրուկ քայլեր չէր ձեռնարկում: Եկավ Թրամփը, որը սկզբում թվում էր, թե Պուտինի գրեթե եղբայրն է, բայց իրականում ավելի կարծր դիրքորոշում ունի Սիրիայի հարցում: Տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանն ի վերջո ստիպված կլինի Ասադին «հանձնել» եւ Սիրիայից գնալ (գուցե կիրառելով «դեմքը փրկելու ինչ-ինչ հնարքներ):

Որեւէ լավ բան Սիրիայի եւ մասնավորապես սիրիահայության համար դա, կարծում եմ, չի խոստանում: Եթե Սիրիայում տերուտիրականը դառնա, այսպես կոչված, «զինված ընդդիմությունը», որն ակնհայտորեն թուրքամետ ուղղվածություն ունի, ապա քրիստոնյաների, քրդերի, եզդիների եւ շիաների վիճակին չես նախանձի: Միացյալ Նահանգներն այդպիսով կիրականացնի Սիրիան վերջնականապես ավերելու իր ծրագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ