Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր ունեցվածքը 2013թ.-ից հետո աճել է:

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողները մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե այդ գումարները որտեղից նրան:

«Եթե իմ հայտարարագրերը լավ նայեք, կտեսնեք, որ 2013թ.-ից հետո իմ ունեցվածքը չի աճել, ընդհակառակը նվազել է: Ըստ օրերի նայեք, թե ինչն է ավելացել, ինչը պակասել, որ լավ ուսումնասիրեք, այդ արտահայտությունը չեք անի»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը՝ եթե 2013թ. հայտարարագրել էր 115 մլն դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Նայեք, թե գույքն ինչքան է պակասել, ինչ գումար է կրկնապատկվել, ինչն է վաճառվել: Պետք է այդ ամեն ինչը ուսումնասիրեք: Չի կարելի անընդհատ մի թվի վրա սեւեռվել եւ ասել, թե որտեղից: Ես թաքցնելու բան չեմ ունեցել եւ չունեմ»:

Տարոն Մարգարյանը վստահեցրեց նաեւ, որ ինքը որեւէ բիզնես չունի:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Զեթ ընդ Զեթ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է: