News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական վիճակն ուղղակի ողբերգական է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղբանոցները զբաղեցնում են 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողությունը բացակայում է, մաքրման աշխատանքները կատարվում են թերի կերպով, ճանապարհամերձ տարածքներում աղբի կուտակումներ են. «Վիճակը ուղղակի ողբերգական է, կարծում եմ բոլորդ էլ նկատել եք»:

Ըստ վարչապետի՝ ոլորտում նման վիճակի պատճառը մարզպետների, համայնքապետերի՝ իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման մեջ թերանալն է։

Նրա խոսքով՝ հիմնականում մարզպետների, համայնքների ղեկավարների վատ աշխատանքի, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման հետեւանքով է առաջացել այս իրավիճակը։

Վարչապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայությունների միջոցով կանխել չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը:

«Անթույլատրելի վիճակ է հանրապետությունում: Մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի՝ աղբահանությունից: Պարոն Կարայան, Սեւանի կղզու կողքը, տուրիստական զոնաներում ուշադրություն եք դարձնում: Մի շաբաթվա ընթացքում կարգավորում եք: Դուք մի հատ նայո՞ւմ եք ընդեղի բուտկաները, Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների փաթեթը, եթե քամի է, օդում է: Սևանի եկեղեցին, որ կա, ավելի լավ է տուրիստներին չտանեք», - ընդգծեց վարչապետը:

Հանձնարարականին արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով. «Մենք աշխատելու ենք նման դեպքերը կանխել, սակայն, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ճանապարհի վրա աղբ է թափում, ապա ոստիկանության միջամտությունն ապարդյուն է»:

«Շատ լավ, ոնց պատկերացնում եք, արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք տասը օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու», - արձագանքեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ