News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր եկլույթում, մասնավորապես, ասել է.

«Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որեւէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ եւ լուծումներ:

Այդպիսին է նաեւ հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:

Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ եւ շատ հետաքրքիր մասնագիտություն:

Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաեւ տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձեւավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր եւ լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչեւ մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչեւ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետեւողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:

Պատասխանատվությունը վերացական եւ վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլեւ ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով:

Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:

Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն եւ ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց եւ տղամարդկանց հնարավոր չէ որեւէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:

Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը եւ անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:

Նման վերաբերմունքի խրախուսման եւ ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:

Փոփոխություններն արմատական են, եւ նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում:

Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին եւ հպարտ են դրանով:

Տարիներ շարունակ աշխատանքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել եւ շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:

Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազնիվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:

Դա է հայրենիքը ճանաչելու եւ սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք եւ փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարեւոր եւ ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ