News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազատասիրությունը եւ հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է հայրենասիրություն դաստիարակելու հարցում դպրոցի ու մանկավարժների դերին:

Նա, մասնավորապես, ընդգծել է.

«Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի եւ հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարեւոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:

Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը:

Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է եւ ծառա: Հայրենասերը նա է, ով եւ՛, տեր է, եւ՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու:

Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ:

Ազատասիրությունը եւ հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ եւ ո՛չ էլ որեւէ այլ բան:

Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ եւ չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է եւ կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն եւ տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության եւ ինքնագիտակցության կարեւոր բաղադրիչն է եղել հազարամյակներ եւ լինելու է այսուհետ եւս:

Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք եւ հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք եւ անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ:

Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու եւ պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:

Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների եւ երկրի պաշտպանների հայեցակարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ