News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում, այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի է ունեցել տեսաժողով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոս Անջելեսից տեսակապով միացել էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Արմելլա Շաքարյանը, Գլենդելի կրթական խորհրդի նախագահ Արմինե Կարապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության համայնքային խորհրդի նախագահ Հարութ Սեմերջյանը, խորհրդի ներկայացուցիչ Վռամ Մարտիրոսյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԱՄՆ Արեւմտյան շրջանի ներակայացուցիչ Վիլմա Կույումջյանը, Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ Արա Ահարոնյանը, Հայ Օգնության Միության ներքո գործող դպրոցների պատասխանատու Մարո Փափազյանը, Ամերիկայում Հայկական Առեւտրային ցանցի նախագահ Ալեք Բաղդասարյանը, «Հեքիաթն է կանչում» թատերախմբի պատասխանատուն, «Դավթյան եւ Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, «Ռոզ եւ Ալեք Փիլիպոս» ազգային վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Գեւորգ Սարգսյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարեւորեց համայնքի միասնական, համախմբված, ակտիվ գործունեությունը, նախարարության հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու, համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Դպրոցն ու եկեղեցին են Սփյուռքում պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը եւ Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարեւորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին: Նախարարը դպրոցների տնօրեններին, համահայկական կառույցների ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կայանալիք «Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին:

Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը նախարարին ուղղեցին եւ հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց: Նա նշեց, որ մեր ժողովուրդը ապրելով, մեր երկու պետությունների հզորացմամբ, միասնականությամբ եւ համախմբումով պետք է հարատեւի, դիմակայի բոլոր մարտարավերներին: «Հայրենիքն ուժեղ է Սփյուռքով, եւ Սփյուռքը՝ Հայրենիքով», - հավելեց նա:

Տպել
Ամենաշատ