News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարությունում ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեւակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղտեխնիկայի խնդրի լուծմանը եւ ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ազդակներ հաղորդել, լծակներ կիրառել, որպեսզի ֆերմերությունը լինի ձեռնտու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել այգեգործության եւ անասնապահության զարգացմանը,  գյուղատնտեսության ապահովագրությանը, ցանցային համակարգերի ներդրմանը, հակակարկտային համակարգերի կիրառմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը, հողագործությամբ զբաղվող գյուղացիների կենսթոշակային ստաժի խնդրին եւ այլն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության վաղվա օրը ապահովագրությունն է եւ գյուղնախարարությունը պատրաստվում է իրականացնել պիլոտային ծրագիր: Առաջիկայում ներկայացվելու է նաեւ բնական աղետներին հակազդելու համակարգային ծրագիրը:

Անդրադառնալով Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ եւս իրականացվելու է պիլոտային ծրագիր: Կարեն Կարապետյանի խոսքով, ծրագիրը կնպաստի բարձրորակ ծառայությունների մատուցմանը, որակական եւ ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միեւնույն ժամանակ կապահովի հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաեւ հնարավորություն կտա ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ներդրումներից: Վարչապետը նշել է, որ կայանների գործունեությունը պետք է կառավարի մասնավորը եւ ավելացրել. «Մենք հաշվարկել ենք, թե ամբողջ երկիրը տեխնիկայով ծածկելու համար որքան ներդրում է պետք, որպեսզի ՀՀ կամայական կետում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդն օգտվի այս ծառայությունից: Այդ պարագայում ինքնարժեքը կնվազի, ու մեր հաշվարկով, այս բիզնեսը կլինի ծախսափակ: Ինչո՞ւ ենք ցանկանում այս ամենն անել, որպեսզի ոգեւորենք, ձեր մեջից դուրս գան այն մարդիկ, որոնք այս բիզնեսից հասկանում են, գաղափարը տան եւ ներգրավվեն ծրագրում: Մեզ պետք է, որպեսզի կայանների կառավարիչները լինեն ձեր մեջից, որովհետեւ պետությունը որպես կառավարիչ լավը չէ»:

Անդրադառնալով առանց մշակման մնացած հողատարածքներին, որոնց սեփականատերերը գտնվում են արտերկրում, վարչապետը հանձնարարել է ներկայացնել նախագիծ՝ խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով: «Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք»:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գույքագրել է յուրաքանչյուր ոլորտի հիվանդությունները, ընդգծել դրանց լուծման ուղղությունները եւ հավելել, որ բոլոր ոլորտներում եւ առաջին հերթին գյուղատնտեսությունում ունենք արդյունավետության պակաս: «Ես իրականում հավատում եմ եւ համոզված եմ, որ այն ուղղությունը, որը բռնել ենք՝ ճիշտ է, որ այսպես համառորեն գնանք՝ 10 տարի հետո գալու են մեր երկիր մեզնից գյուղատնտեսություն սովորեն: Այս ամենի կրողն ու ակտիվ մասնակիցը պետք է լինեք դուք: Ձեզնից ի՞նչ եմ ակնկալում, դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի է, կաթիլային համակարգ է եւ այլն: Մենք պետք է համարձակորեն որակը փոխենք, մենք բացի ձեզնից ուրիշ համախոհներ չունենք»,- շեշտել է վարչապետը եւ հավելել, որ գյուղնախարարությունն այժմ իրականացնում է նաեւ գոտիավորում:

«Շատ կարեւոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Ամենաշատ