News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր, մայիսի 8-ին, լրանում է Շուշի քաղաք ամրոցի ազատագրման բացառիկ գործողության 25-ամյակը։ «Հարսանիք լեռներում» կոդային անվանմամբ գործողությունը, որի հաջողությանը քչերն էին հավատում, ցույց տվեց ու ապացուցեց, որ անհնար է հաղթել նրան, ով չի հանձնվում։

Քաղաք- ամրոցի ազատագրումը միավորել ու մի բռունցք էր դարձրել լավագույն ռազմական ստրատեգներին ու իրենց հայրենիքին նվիրված մարտիկներին։ Ուժեղ խառնվածքով ու կամքի ուժով մարդկանց։ Նրանցից մեկն էր գեներալ- մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը։

Մարտական ուղու ու գործողության  նախապատրաստման մասին նա պատմել է NEWS.amթղթակցի հետ զրույցում, փոքր հյուրասենյակի սեղանի շուրջ։ Խնամքով բացելով առանձին թղթապանակում պահվող քարտեզը, գեներալ –մայորը սկսում է իր պատմությունը։

«Երբ Շահումյանի շրջանում իրավիճակը կտրուկ վատացավ, ընդունվեց որոշում ինձ այնտեղ ուղարկել։ Այն ժամանակ ես Նախարարների խորհրդին կից պաշտպանական հարցերով պետական կոմիտեի անդամ էի։ Շահեն Մեղրյանի հետ միասին մենք անցանք աշխատանքի ու ազատագրեցինք Էրքեջ, Բուզլուխ ու Մանաշիդ գյուղերը»։

1992-ի մարտի 26-ին, շարունակում է նա, ստեղծվեց ԼՂՀ կառավարությանը կից պաշտպանության կոմիտեն, որը ստանձնեց ինքնապաշտպանության մասնատված ջոկատների միավորումը։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ 1992-ի փետրվարին Արցախի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ նշանակվեց Գզողյանը։

«Զինվորների շարքերում շատ էին փորձառու եւ հավակնոտ մարտիկները։ Շատ բարդ էր նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը ու առավել եւս նրանց ղեկավարելը։ Բայց Սերժ Սարգսյանի հետ միասին մենք կարողացանք համախմբել նրանց ու դնել պրոֆեսիոնալ բանակի հիմքը ։ Երբ դա արվեց, մենք սկսեցինք քարտեզով մշակել գործողության պլանը»։

Սակայն մինչ այդ, հավելում է նա, անհրաժեշտ էր լուծել հետեւյալ խնդիրը։ Բանն այն է, որ Ստեփանակերտը շրջափակված էր ադրբեջանաբնակ կետերով, որոնցից ինտենսիվ գնդակոծություն էր իրականացվում։ Այդ կրակային կետերը անհրաժեշտ էր ոչնչացնել։ Խոսքը Մալիբեյլի, Խոջալու, Կիչան – Սրհավենդ գյուղերի մասին է ։

«Փետրվարի 6-8-ը մենք գրավեցինք Մալիբեյլին, փետրվարի 26-ին՝ Խոջալուն, մարտի 11-12-ը՝ Կիչան – Սրհավենդը։ Այսպիսով մենք կարողացանք լուծել թիկունքի ապահովման հարցը ու սկսել Շուշիի ազատագրման նախապատրաստումը»։

Նախապատարստական աշխատանքները մոտ մեկ ամիս տեւեցին։ Առաջին հերթին անհրաժեշտ էր զինվորներին ապահովել զենքով, հետո պարենամթերքով ու ամենագլխավորը՝ հավաքել հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ հակառակորդի մասին։ Դրանով հետախուզությունն էր զբաղվում։

«Առանց հետախույզների անհնար է պլանավորել որեւէ ռազմական գործողություն։ Պետք է իմանալ, թե ով է քո առաջ կանգնած, ինչ դիրքեր է զբաղեցնում, ինչ տեսակի զենք ունի։ Ամբողջ ամիս մենք հենց այդ հարցերով էինք զբաղված»։

«Հարսանիք լեռներում» անվանումով գործողությունը ղեկավարելը հանձնարարվել էր Արկադի Տեր Թադեւոսյանին  (Կոմանդոսին)։ Գործողության անվանումը պատահական չէր ընտրվել։

«Երբ Վազգեն Սարգսյանը եկավ Ղարաբաղ, մենք նրան հարցրեցինք, թե երբ է մտադիր ամուսնանալ ու նա պատասխանեց․ «Երբ կազատագրենք Շուշին, այդ ժամանակ էլ կամուսնանամ»,- ասում է Գզողյանը։

Եվ այսպես, որոշվեցին  հարձակման 4 ուղղություններ՝ արեւելյան՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, հյուսիսային՝ Վալերի Չիթչյանի ղեկավարությամբ, հարավային՝ Սամվել Բաբայանի ու քեսալարյան ՝Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ։

«Մայիսի 8-ի առավոտյան ադրբեջանցիները շարքից հանեցին մեր երկու տանկերից մեկը, զինվորների շրջանում փոքր խուճապ սկսվեց; Բայց մենք արագ հաղթահարեցինք դա։ Ես կարգադրեցի ժամանակավորապես կանգնեցնել գրոհը։ Մայիսի 9-ի լույս գիշերը, 2։30-ին, մենք վերսկսեցինք հարձակումը ու արդեն առավոտյան ժամը 6-ին ես շրջում էի Շուշիի փողոցներում»։

Հաճախ, հավելում է նա, խնդրում են առանձնացնել նրանց, ովքեր առանձնահատուկ են աչքի  ընկել Շուշիի ազատագրման ժամանակ։ «Բայց ես չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել, հակառակը, ուզում եմ ասել, որ բոլոր հրամանատարները ու զինվորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները ։ Մենք մեկ թիմ էինք։ Ու դա էլ ամենագլխավորը»։

Խոսելով Շուշիի ազատագրման նշանակության մասին՝ Գզողյանը պատասխանում է զինվորականներին բնորոշ հակիրճությամբ՝ «Եթե մենք չազատագրեինք Շուշին, Արցախ պարզապես գոյություն չէր ունենա»։

Նրա խոսքով, հայ զինվորները ՝ հակառակորդի ուժերի եռակի, քառակի առավելության պայմաններում կարողացել էին իրագործել գրեթե անիրագործելի խնդիր։ «Մեր տղաների ոգին, այդ սարերին, հողին ու ջրին նրանց նվիրվածությունը՝ այդ ամենի հանրագումարը թույլ տվեց անհնարը իրականություն դարձնել»։

Շուշիի ազատագրմանը ընդամենը 2003 ազատամարտիկ է մասնակցել։ Նրանց անունները ընդգրկված են հատուկ ցուցակում, որը պահվում է Գզողյանի տանը։ Գործողության ընթացքում զոհվել է 47 հայ մարտիկ, 7-ը անհետ կորած են համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ