Վանաձորում այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14-ի սահմաններում Տարոն 4 թաղամաս բարձրացող ճանապարհը փլուզվել է, ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը գրեթե կողաշրջվել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Տարածքում առաջացած սողանքային երևույթների մասին բնակիչները բազմիցս են ահազանգել Վանաձոր քաղաքապետարան, որտեղից մոտ 10 օր առաջ եկել և միայն խիճ էին լցրել, այդ կերպ իրենց աշխատանքը համարելով ավարտված: Մինչ այդ վարորդներն ու թաղամասի բնակիչները տարածքը սահամազատել էին քարերով:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը մեր թղթակցի հարցին, թե բազմաթիվ ահազանգերից հետո ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել, Պառավյանը պատասխանել է. «Մենք եկել խրյաշ էինք լցրել: Մասնագետներն ուսումնասիրում են խնդիրը, տեսնենք հիմնական պատասխանատուն ով է: Բայց խնդիրը միանշանակ լուծվելու է»:

Ստացվում է, մինչ որ նման դեպք տեղի չունենար, քաղաքապետարանը չէր լուծելու խնդիրը, կամ էլ պարտավորեցներ այն շինարարական կառույցին, ով կատարել է նշված հատվածի ասֆալտապատումը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի