News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայել ու Պաղեստին կատարած իր այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ցույց տվեց, որ ուզում է տեսնել կողմերի միջեւ համաձայնության ապահովում, սակայն  Սպիտակ տունը, կարծես, հստակ ծրագիր չունի, թե ինչպես կարելի է դրան հասնել։, գրում է New York Times-ը։

Հեղինակները կարծում են, որ մերձավորարեւելյան կարգավորման հարցում Սպիտակ տան հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ այս փուլում որոշակիության պակասը կարող է ձեռքբերում լինել։ «Թրամփի խորհրդականները ասում են, որ ճնշման ու պարտադրանքի փոխարեն, ինչպես անում էր նախկին պետաքարտուղար Ջոն Քերին խաղաղության ապահովմանն ուղղված նախկին ջանքերի ժամանակ, երկիմաստությունը նրանց մանեւրելու ազատություն է տալիս»,- ասվում է հոդվածում։

Սակայն հարցն այն է, կկարողանա՞ն արդյոք հույսի ու լավատեսության մասին թափանցիկ խոսակցությունները ճեղքել սարսափելի բարձր պատնեշները դեպի խաղաղություն տանող ճանապարհին։ Թրամփի գործընկերներից ոչ մեկը ոչ մի դյույմ չի առաջ չի շարժվել իր նախկին դիրքերից, ավելին՝ երկուսն էլ օգտվել են ամերիկացի հյուրի հետ առանձին հանդիպումներից, որպեսզի քննադատեն իրար։

Ընդ որում, ինչպես հայտնել է Քնեսեթում ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգը, Թրամփի փեսան ու Մերձավոր արեւելքի հարցերով խորհրդական Ջարեդ Քուշները ասել է իրեն, որ ԱՄՆ-ն մտադիր է ակտիվ հետեւել խաղաղ կարգավորման ընթացքին։

Հասարակական կարծիքի հարցումների մասնագետ Միթչել Բարաքը համարում է, որ Թրամփը միշտ այդ ոճով է զբաղվում գործերով։ Նա կարծում է, որ Թրամփը գնում է հանդիպման, դրանից շոու սարքում, իսկ հետո «գործն ավարտելը թողնում Գրինբլատին, Ֆրիդմանին ու Քուշներին»՝  նկատի ունենալով նրա անձնական իրավաբաններին։

Հոդվածում ասվում է, որ որոշ վերլուծաբաններ խոսում էին այն մասին, որ կողմերը պարզապես ասել են ԱՄՆ նախագահին այն, ինչ նա ուզում էր լսել, այսինքն խաղաղության ապահովման ջանքերի մասին։ «Նրանք ժպտում էին, ճանապարհում նրան մինչեւ դուռ ու նորից վերադառնում ստատուս քվոյին իրենց տանը»,- նշում են հեղինակները։

Թրամփը ոչինչ չի բացահայտել ու չի ակնարկել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել կուլիսների ետեւում։ Նա ոչ մի ճնշում չի գործադրել երկու առաջնորդների վրա։ Չեն եղել սովորական խոսակցություններ սահմանների, բնակավայրերի, ահաբեկչության հրահրման կամ էլ երկու ժողովուրդների երկարատեւ ու խճճված պատմության մասին։ Նա նաեւ ոչ մի բառ չի ասել ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կամ էլ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք դարձնելու մասին։ Նաեւ ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչ է լինելու հետո։ «Դա այցելություն էր առանց որոշակիության»,- համարում է պաղեստինցի Հալիլ Շիկակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ