News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, եւ չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, իր շնորհավորական ուղերձում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը:

Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով:

Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, եւ չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերեւս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր եւ ողբերգական ճակատագիր նախորդ որեւէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր եւ նվիրական, եւ այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար:

Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով:

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի եւ բարօրության:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ