News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Քննչական կոմիտեում աշխատած, այնուհետեւ դատախազության համակարգ տեղափոխված ծառայողներին երկարամյա կենսաթոշակի անցնելու դեպքում արտոնյալ պայմաններ են տրվում՝ հաշվի առնելով Աղվան Հովսեփյանի գործոնը:

Այսօր՝ մայիսի 31-ին, դատախազներին ու քննիչներին երկրին ծառայած տարիների համար բարձրացված կենսաթոշակը երկարաձգելու օրենքի քննարկումների ժամանակ («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կատարված այս փոփոխությունը կարելի է վերնագրել հետեւյալ կերպ. «Хотели как лучше, получилось как всегда»:

«Պատկերացրեք՝ դատախազությունում կա երկու դատախազ, որոնք նստում են իրար կողքի սենյակներում, երկուսի 20-ամյա աշխատանքային ստաժն էլ լրանում է 2017թ. հուլիսի 1-ը, նրանցից մեկը ստանալու է 400 հազար, իսկ մյուսը՝ դրա ուղիղ կեսը: Ինչո՞ւ, որովհետեւ 400 հազար դրամ թոշակ ստացողը մինչեւ այդ աշխատել է դատախազությունում: Ընդհանրապես, Հայաստանում բոլոր քննիչները հավասար են, իսկ Քննչական կոմիտեի քննիչները մի փոքր ավելի հավասար են: Սա ինչ տրամաբանությամբ է արվում, անհասկանալի է: Սակայն եթե հաշվի առնենք ներքաղաքական ինտրիգները, հարաբերությունները, կհասկանանք, թե ինչու են Քննչական կոմիտեի հետ կապ ունեցողները մի քիչ ավելի շատ արտոնություններ ստանում: Երբ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, դատախազության ներկայացուցիչներն ավելի արտոնյալ կարգավիճակում էին, հիմա Քննչական կոմիտեում է, այդ անձինք են արտոնյալ կարգավիճակ ստանում: Այս իրավիճակը շատ լավ գիտի կիրառական պրակտիկայում նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Կոստանյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է, որ Քննչական կոմիտեից դատախազության համակարգ տեղափոխված ծառայողները հավասարաչափ օգտվեն Քննչական կոմիտեի ծառայողի համար 20-ամյա աշխատանքային ստաժի դեպքում երկարամյա կենսաթոշակի անցնելու պայմաններից, որովհետեւ Քննչական կոմիտեի ծառայողը երկարամյա կենսաթոշակի անցնում է, եթե 20-ամյա աշխատանքային ստաժը հավաքում է մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, մինչդեռ դատախազության ծառայողը երկարամյա կենսաթոշակի անցնում է, եթե 20-ամյա աշխատանքային ստաժը հավաքել է մինչեւ 2014թ.-ն:

Փաշինյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ արտոնյալ կարգավիճակ չի տրվում միայն քննիչին կամ դատախազին: Նախկին գլխավոր դատախազի խոսքով, այս նախագիծն ուղղված չէ միայն Հատուկ Քննչական ծառայության քննիչին, կամ Քննչական կոմիտեի քննիչին, կամ էլ ՊԵԿ քննիչին:

«Անհատական տեսակետից, պարոն Փաշինյան, ես առիթ եմ ունեցել ինձ դրսեւորելու, ես պատրաստ եմ եւս այդ հարթություններում իմ դրսեւորումներն ակնհայտ դարձնեմ ձեզ համար: Միշտ մեր իրականության մեջ փորձում ենք տարբերություններ մտցնել, կարգավիճակը չի փոխվել երբեւէ, համակարգային տարբերություն չկա անձի, սուբյեկտի փոփոխությամբ պայմանավորված»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Տպել
Ամենաշատ