News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այսօր՝ հունիսի 9-ին, ժողով է անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ փորձել պարզել, թե ինչու  հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացման ժամանակ նվագախմբի անդամները չեն ներկայացել ու կազմակերպված տապալել ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

«Ժողովի ընթացքում նախարարը նվագախմբի անդամներին հարց ուղղեց, թե ովքեր են եղել կազմակերպիչները, բայց ոչ ոք ոչ մի ձայն չհանեց։ Այժմ բացատրություններ են տալիս նվագախմբի անդամները, այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ովքեր են եղել կազմակերպիչները, համապատասխան պատժի կենթարկվեն»,-ասաց նա։

Կարինե Կիրակոսյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչու են նվագախմբի անդամները նման քայլի դիմել, որոշ խոսակցությունների համաձայն, նման քայլի են գնացել որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու համար․ «Երեք փոխտնօրեն է ազատվել, սակայն, ինչ կապ ունի վարչական աշխատակցի, փոխտնօրենի աշխատանքից ազատումը նվագախմբի հետ։ Նախարարը տեղյակ է եւ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պատժամիջոցներ են ներկայացվելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ: NEWS.am-ին թատրոնից հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ.  583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ