News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուադ Շարմազանովը ՀՀ–ում Եվրամիության պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկիին  NEWS.am–ի հետ զրույցում հակադարձեց նույն ձեւակերպմամբ՝ քաղաքականությունը հարսանիք չէ՝ ով շաբաշ տա, նա էլ երաժշտությունը պատվիրի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պյոտր Սվիտալսկին ՀՀ իշխանությանն առաջարկել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արժանահավատ դարձնելու համար  ԿԸՀ կազմում ընդգրկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Անդրադարձել էր նաեւ Ընտրական օրենսգրքին՝ նշելով, որ այն իշխող կուսակցությունը հարմարեցրել է իր շահերին։   ԵՄ դեսպանի հայտարարություններին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն պատասխանել էր՝ նշելով, թե դեսպանը միջամտել է մեր երկրի ներքին գործերին, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWSa.am–ի հետ զրույցում հայտարարել էր, թե քաղաքականությունը հարսանիք չի, որ ով վճարի, նա էլ երաժշտությունը պատվիրի։ 

Իշխող կուսակցության ներկայացուցիչների կոշտ արձագանքին հաջորդեց ԵՄ դեսպանի այսօրվա  ասուլիսը, որի ժամանակ նա հիշեցրեց, թե  արտաքին ֆինանսավորման 90 տոկոսը Հայաստանը ԵՄ-ից է ստացել, ինչն էլ եղել է Հայաստանի հրապարակային խնդրանքով։ 

ԵՄ դեսպանի այս խոսքերից Շարմազանովը տպավորություն է ստացել, որ նա նեղացել է հայկաակն կողմի արձագանիքց եւ«տղայական պահվածք» է դրսեւորում։

«Ես տեսա նեղացվածության երանգներ, տոնայնություն, մենք որեւէ մեկին նեղացնելու մտադրություն չենք ունեցել, մեր խնդիրը հստակ արտահայտել ենք։ ԵՄ հարգարժան դեսպանը շատ լավ պետք է գիտակցի, որ ժողովրդավարությունը նախ եւ առաջ կարծիքներ լսելու ունակությունն է, թեկուզ եթե այդ կարծիքը քո ակնկալածի հետ համահունչ չէ։ Մենք մնում ենք այն կարծիքին, որ դիվանագետի գնահատականները չէր համապատասխանում իր լիազորություններին»,–ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է Սվիտալսկիի այն խոսքերին, թե եթե  ԵՄ պատվիրակության ներկայությունն այլեւս անցանկալի է Հայաստանում, ապա չեն պարտադրի, Շարմազանովը հակադարձեց.

«Նեղացվածությունը  քաղաքական կատեգորիա չէ։ Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակը ավելի խորն է, եւ այս իմաստով չեմ կարծում, որ նման գնահատականները համահունչ են մեր հարաբերություններին եւ բխում են մեր շահերից։  Այդ արտահայտությունը, թե մենք չենք պարտադրում, չեք ցանկանա՝ կհեռանանք, շատ մակերեսային գնահատական է, իսկ ես չեմ կարծում, որ Պյոտր Սվիտալսկին մակերեսային գործիչ է։  ԵՄ–ի հետ Հայաստանն ունի փոխշահավետ համագործակցություն,  եւ  եւս մեկ անգամ կրկնում եմ՝ Հայաստանում  մենք բարեփոխումեր իրականացնում ենք համոզմունքներից ելնելով, գաղափարների գիտակցումով, որ Հայաստանում ժոողովրդավարություն հաստատվի։ Այդ հարցում օժանդակո՞ւմ է Եվրամիությունը՝ այո, բայց կարծիքը պարտադրել չի կարող։  Տղայական գնահատականները չեն բխում Եվրամիության  հետ մեր հարաբերությունների շահերից։ Եւս մեկ անգամ ասում եմ՝ քաղաքականությունը հարսանիք չէ, որ ով շաբաշ տա, նա էլ երաժշտությունը պատվիրի,պատվիրողը բացարձակապես ՀՀ քաղաքացին է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ