News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը, որտեղ կիրակի ուշ ժամի հնչել են կրակոցներ, երեկ շրջափակված էր ոստիկաններով, դադարեցված էր երթեւեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել էր իր ուղղությունը: Տեղում աշխատում էին քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները: Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները եւս խուսափում էին որեւէ բառ ասելուց, թեեւ իրադարձությունները ծավալվել են հենց սրճարանի դիմաց:

Ըստ մեր տեղեկությունների, տուժող կողմը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ: Ըստ բժիշկների, տուժող կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին է:

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ: Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգրավված, բերման ենթարկված անձինք: Ըստ դատախազի, հետաքննական մարմինն ունի տվյալներ, վարկածներ, սակայն այս պահին տվյալներ չեն հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից:

Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակություն ունեցող ցուցմունքներ չեն տվել: Առգրավված են նաեւ տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները:

Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը՝ Գեորգի Հակոբյանը, կոնֆլիկտի մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է: Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը բարեկամական կարգերի մեջ է օրենքով գողերի հետ:

Ըստ շրջանառվող լուրերի, տեւական ժամանակ Գեորգի Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իր բարեկամների՝ օրենքով գողերի հասցեին, որոնք բավական երկար գերադասել են չարձագանքել:

Մեզ տեղեկացրեցին, որ կրակոցներ արձակելու մեջ կասկածվում է Անդրանիկ Սողոյանի՝ Զապի շրջապատից Ռուդիկ անունով մի երիտասարդ: Արդյո՞ք խոսքը 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած Կամո Խաչատրյանի մասին է, որը հանրությանն առավել հայտնի է Ռուդիկ անունով, դեռ չեն հստակեցնում՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ