News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաղ ամուսնությունների հետեւանքով մինչեւ 2030 թ․ երրորդ աշխարհի երկրները տրիլիոնավոր դոլարների կորուստ կունենան։ Նման եզրակացության են հանգել կանանց իրավունքների մասին հետազոտությունների միջազգային կենտրոնի ու Համաշխարհային բանկի վերլուծաբանները, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

Մանկական ամուսնությունների վերացումը, նրանց գնահատականով, հսկայական դրական ազդեցություն կթողնի զարգացող երկրների տնտեսության վրա։ Աղջիկները կկարողանան ավարտել դպրոցը, կրթություն ստանալ, ապրուստ վաստակել, ինչը կբարձրացնի ընտանիքների բարեկեցությունը, իսկ երեխաներ ավելի ուշ լույս աշխարհ կբերեն, ինչը նույնպես բարերար կազդի մոր եւ մանկան առողջության վրա։

Զեկույցում, որը նվիրված է մանկական ամուսնությունների տնտեսական հետեւանքներին, նշվում է, որ վերջին 30 տարիներին բազմաթիվ երկրներում մինչեւ 18 տարեկան դեռահասների ամուսնությունների թիվը կրճատվել է։ Այդուհանդերձ, աշխարհի 25 պետություններում նախկինի պես յուրաքանչյուր երրորդ աղջիկը ամուսնանում է մինչեւ 18 տարեկան, իսկ յուրաքանչյուր հինգերորդը իր առաջնեկին է լույս աշխարհ բերում մինչեւ 18 տարեկան։

Հետազոտության տվյալներով, մինչեւ 13 տարեկան ամուսնացած աղջիկը 26 տոկոսով շատ երեխա կծնի, քան եթե նա 18 տարեկանից հետո ընտանիք կազմեր։ Դա նշանակում է , որ մանկական ամուսնությունների վերացումը կարող է 11 տոկոսով նվազեցնել ծնելիության գործակիցը, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցներ նման երկրներում բնակչության աճի տեմպերի դանդաղեցմանը։ Օրինակ Նիգերում, որը վաղ ամուսնությունների թվով առաջատար է համարվում, մինչեւ 2030 թ․ երկրի բնակչությունը կարող էր 5 տոկոսով քիչ լինել, քան հիմա է կանխատեսվում։ Իսկ դա կնպաստեր աղքատության կրճատմանն ու տնտեսական աճի խթանմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ