News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանում էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի  պատվիրակությանը՝ բանկի վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյի գլխավորությամբ։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման,  էներգետիկ համակարգում իրականացվող նոր ներդրումային ծրագրերում բանկի ներգրավմանն  առնչվող հարցեր։ Կարեւորվել է հատկապես պետություն-մասնավոր հատված ձեւաչափով համագործակցությունը:

Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկ համակարգում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք վերաբերում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանների վերակառուցմանը, «Շնող» ՀԷԿ-ի եւ  կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցմանը։ 

Խոսելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ներդրումային ծրագրի մասին՝ նախարարը ընգծել է, որ առկա 16 ենթակայաններից արդեն իսկ վերակառուցվել է 10-ը։ Եվս 2-ը հնարավոր կլինի արդիականացնել համակարգում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում  տնտեսված միջոցների հաշվին։

«Հայաստանը ակնկալում է բանկի մասնակցությունը մյուս չորս ենթակայանների վերակառուցման ծրագրերին: Դրանով կավարտվի բոլոր ենթակայանների արդիականացումը, ինչը անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում էլեկտրաէներգիայի տարանցիկ հոսքերը սպասարկելու համար»,-նշել է Աշոտ Մանուկյանը։

Հյուրերին ծանոթացնելով «Շնող» ՀԷԿ-ի եւ կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրերին՝ նախարարը կարեւորել է դրանց ինչպես էներգետիկ, այնպես էլ տնտեսական ու սոցիալական նշանակությունը։

Շնորհակալություն հայտնելով ներդրումային ծրագրերը համակողմանի եւ մանրամասն ներկայացնելու համար՝ Վիոլին Սիլվեստրոն հայտնել է Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ Եվրոպական ներդրումային բանկի  հետաքրքրությունների եւ համագործակցության պատրաստակամության մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ