News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը եւ Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են: Այս մասին, հունիսի 28ին, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` եւ միջազգային կառույցներում գործակցության, եւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում:

Անդրադարձ է կատարվել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները կարեւորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն եւ կայունություն, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են»: Այս համատեքստում պարոն Շարմազանովը խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

«Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի եւ պետք է դատապարտի տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ», - ասել է Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ