News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի արդեն գործազուրկ աշխատակիցներն այսօր՝ հունիսի 29-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին. Նրանք գործարանի վերագործարկումից բացի նոր պահանջ են առաջ քաշում:

Նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջից երբեք հետ չեն կանգնելու եւ խոսեց իրենց հավելյալ պահանջների մասին:

Ըստ այդմ, նաիրիտցիները պահանջում են իրենց կողմից պահանջի իրավունքի զիջման պայմանագրի երկրորդ կետը դատարանով բեկանել, ըստ որի նաիրիտցիներն իրենց տույժ-տուգանքները զիջել են «Նաիրիտ-2»-ին, պայմանով, որ ստանան իրենց աշխատավարձը:

«Հետո մենք իմացանք, որ «Նաիրիտ 2»-ը պահանջում է այդ նույն տույժ-տուգանքները «Նաիրիտ» գործարանից: Փաստորեն, այն ծառայել է ուղղակի որպես միջնորդ ընկերություն ընդամենը գումարը մեզ փոխանցելու համար, ուրեմն էլ ի՞նչ է պահանջում: Եթե պահանջատեր է, ուրեմն, աշխատելով 18-24 ամիս, էդ գումարները չստանալով, մենք ինքներս ենք արդեն պահանջատեր»,-ասաց Կարինե Շահվերդյանը:

Նրա խոսքով՝ 3 անգամ Կառավարություն են դիմել, 1 անգամ էլ՝ ՀՀ վարչապետի խորհրդական էդուարդ Ներսիսյանին. վերջինս նրանց չի ընդունել: «Ամեն մեկը մի տեղ է ուղարկում, վերջում էլ՝ սնանկության կառավարիչի մոտ, նա էլ ասում է, որ առողջացման ծրագիր չկա, եւ ես վերջապես նշանակվել են սնանկացման կառավարիչ, ապամոնտաժման եւ այլ հարցերով պետք է զբաղվեն»,- հավելեց Շահվերդյանը:

«Նրանց գաղափարը միայն թալանելն է, որ Նաիրիտը դարձնեն «Սպայկայի» հզոր ինչ-որ պահեստներ: Իրենց նպատակը դա է, կառավարությանն արդյունաբերություն պետք չի»,- ասաց բողոքի ակցիայի մի մասնակից, որը կոմունիստական վզկապը կապել էր եռագույնին: «Սա էլ կոմունիստների փողկապն է նոստալգիկ, էն ժամանակ էինք տուն ստանում, հանգստյան տուն գնում, կահույք առնում, հիմա ամեն ինչ գնացել ա գրողի ծոցը»,-հավելեց տարեց ցուցարարը:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, եւ այժմ սնանկացման գործընթաց է ընթանում:

Տպել
Ամենաշատ