News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում այսօր` հուլիսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստին վատացել է ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտնեց, որ ընդմիջման ժամանակ վատացել է ամբաստանյալի ինքնազգացողությունը, նրա համար շտապօգնություն է կանչվել: Բժիշկը զննելով նրան, նշել է, որ վիրահատությունից հետո Խաչատուր Գիչյանը 10 օրից ավելի չի ընդունել անհրաժեշտ դեղորայքը եւ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Նա այժմ ստացիոնար բուժման կարիք ունի եւ պետք է անհապաղ տեղափոխվի հիվանդանոց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ամբաստանյալը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց եւ նրա բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը: Նրանք ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, գույքը, ինչպես նաեւ պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ