News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին,  այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Այցի պատեհ առիթով եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ: Հանրապետության նախագահը դեսպան Շարպանտիեին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին:

Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարեւորել սերտ փոխգործակցությունը նաեւ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց եւ բարօրություն»,-ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ