News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ փոխգործակցության լավագույն օրինակներից են, եւ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թեւակոխել՝ կարեւորելով  2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել:

Նշելով, որ կառավարությունը հետեւողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: 

ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարեւորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը եւ շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, եւ պետք է հետեւողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաեւ գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ