News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջեւ 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված համագործակցության հուշագրի 2.1 եւ 2.3 կետերի դրույթները, դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով:

Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ' որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:

Փաստաբանների պալատի նախագահը գտել է, որ նշված նորմում կիրառվող «ժամ» հասկացությունը որոշակի չէ, եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ, հետեւյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

«Դատական աշխատանքային ժամ» հասկացությամբ՝ հայցվորին դահլիճից հեռացնելը կիրառելու դեպքում, դատարանն այլեւս չի կարողանա քաղաքացիական գործով դատական նիստ նշանակել, քանի որ՝

- առանց դատական նիստ նշանակելու եւ նիստն անցկացնելու չի սպառվի (կիրառվի) դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը»,

- դատական նիստ չի կարող նշանակվել, քանի դեռ դատական սանկցիայով որոշված «դատական աշխատանքային ժամը» չի կիրառվել:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միեւնույն տերմինով:

Այս նորմից հետեւում է, որ թե՛ քրեական եւ թե՛ քաղաքացիական դատավարական կանոններում դատական սանկցիայի «ժամ» հասկացությունն ունի նույն նշանակությունը: Հետեւաբար' քաղաքացիական դատավարական իրավահարաբերություններում կիրառվող դատական սանկցիայի «ժամ» հասկացությունը, որն ըստ այդ նորմի մեկնաբանության չի կարող նշանակել «դատական աշխատանքային ժամ», նույն կերպ վերաբերում է քրեական դատավարական իրավահարաբերություններին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ: Դատարանների նախագահների խորհրդի օրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման:

ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանների նախագահների խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որեւէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:

Տպել
Ամենաշատ