News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ հուլիսի 21-ին, հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, Հայոց լեզվի ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացների, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ հայկական Սփյուռքի ձեւավորման պատմությանը: «Նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից աշխատել ենք «Ճանաչել, վստահել, գործակցել» բանաձեւով: Մեր հիմնական խնդիրներից են՝ նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, հայտնաբերել եւ հանուն Հայրենիքի հզորացման օգտագործել հայության ներուժը: Սփյուռքի ձեր դպրոցներում սովորող երեխաների ծնողներին դուք կարող եք ուղղորդել Հայրենիք, որ ներդրումներ կատարեն Հայաստանում, եկամուտ ստանան՝ միաժամանակ աջակցելով մեր երկրի տնտեսության զարգացմանը», – նշեց նա:

Սփյուռքի նախարարը ներկայացրեց այն յոթ առաջնահերթությունները, որոնք կյանքի կոչելու համար պետք է ապրի ու գործի յուրաքանչյուր հայ մարդ. «Հայաստանի հզորացումը, Արցախյան հիմնահարցի կարգավորումը՝ ի շահ մեր հայրենակիցների, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպման, հայոց լեզուն պահելու եւ պահպանելու, արտակարգ իրավիճակներում հայտնված հայությանն օգնելու եւ հայ եկեղեցին կանգուն պահելու գործը», նշեց նախարարը եւ հավելեց. «Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Բարով եք եկել ձեր տուն»:

Նախարարը խոսեց Հայաստանի՝ համաշխարհային, տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերների մասին՝ նշելով, որ օրեցօր գլոբալացող եւ փոքրացող աշխարհում անընդհատ տեղաշարժեր են լինում: Նա նշեց, որ Հայրենիքից դուրս հայապահպանություն իրականացնող կառույցը նախեւառաջ հայկական դպրոցն է, որը բացառապես ուսուցիչների եւ տնօրինության նվիրումի շնորհիվ է իրականացնում ծանր եւ շնորհակալ աշխատանքը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցությանը՝ Սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ստեղծեցինք երկքաղաքացիության ինստիտուտը, եւ այսօր հազարավոր քաղաքացիներ հպարտությամբ են ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին վկայող իրենց անձնագրերը: Մենք մեր առջեւ դրել ենք նաեւ Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբելու խնդիր: Դրան է ուղղված բոլոր այն մասնագիտական համահայկական համաժողովների կազմակերպումը եւ արդյունքում ձեւավորված համահայկական մասնագիտական ցանցերի ու կառույցների ստեղծումը, որոնք պարբերաբար հավաքվում ու համատեղ ծրագրեր են մշակում, իսկ այնուհետեւ փորձում իրականացնել»:

Այնուհետեւ դպրոցի մասնակիցները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո իրենց հարցերն ուղղեցին ՀՀ սփյուռքի նախարարին:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախարար Հրանուշ Հակոբյանին համապարփակ եւ սպառիչ դասախոսության համար եւ խոստացան իրենց բնակության երկրներում ամեն բան անել՝ Հայրենիքում ստացած գիտելիքներն ու փորձը արդյունավետ օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ