News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այսօր՝ հուլիսի 27-ին, ամփոփել են վերջին մեկ ամսվա իրենց գործունեությունը եւ ներկայացրել տվյալներ կատարած ուսումնասիրությունների մասին:

Լրագրողների հետ հանդիպմանը խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք այցելել են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ, հանդիպել բնակիչների հետ:

«Մենք ուսումնասիրել ենք հանրային տրանսպորտի խնդիրը: Երեւանի քաղաքապետարանը շուրջ 1 միլիոն դոլարի վարկ էր վերցրել եւ տվել անգլիական խորհրդատվական ընկերությանը, որ օգնեն բարելավել հանրային տրանսպորտի որակը: Սակայն պարզվում է՝ գումարը ծախսել են, բայց տրանսպորտի որակը չի փոխվել: Սա նշանակում է, որ մեր հաշվին վարկ են վերցրել, բայց խնդիրը չեն լուծել եւ 2018թ-ին նույնպես մենք չենք ունենալու նորմալ տրանսպորտ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նախադպրոցական կրթության խնդիրներն ու արված աշխատանքն էլ ներկայացրեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Նա նշեց, որ այս պահին 30 հազար երեխա սպասում է, որ մանկապարտեզ հաճախի:

«Այդ երեխաներից շատերն այս տարի դպրոց են գնալու, բայց այդպես էլ հնարավորություն չեն ունեցել մոտենալու մանկապարտեզներին: Լուծումն այն պետք է լինի, որ պետք է ունենալ հստակ թիվ, թե ովքեր են սպասում մանկապարտեզ հաճախելու հերթին, ինչպես նաեւ 5 տարեկանը լրացած երեխաներն անպայման պետք է ընդգրկվեն նախադպրոցական հաստատության ավագ խմբերում: Քաղաքապետարանի բյուջեն թույլ է տալիս լուծել մանկապարտեզների հարցը»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Այնուհետեւ առողջապահական ոլորտի խնդիրները ներկայացրեց Մարինա Խաչատրյանը: Խմբակցության անդամը նշեց, որ շատ քաղաքացիներ իրենց հայտնել են, որ զրկվել են հաշմանդամության թոշակից, մինչդեռ այնպիսի հիվանդություններ ունեն, որ հաշմանդամության կարգ պետք է ստանան:

«Մեծ խնդիր է նաեւ բժիշկների ստացած աշխատավարձի չափը: Նրանք ստիպված են լինում արտագաղթել, որովհետեւ 70-100 հազար դրամ ամսական աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել»,- նշեց Մարինա Խաչատրյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն առանձնացրին նաեւ վերելակների եւ հետիոտնային անցումների խնդիրները: Ամփոփելով իրենց կատարած աշխատանքը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ամսական 1 մլն դոլար է հատկացվում քաղաքապետարանի շուրջ 2 հազար աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար. «Եթե արդյունավետ ծախսվի բյուջեն, շատ խնդիրներ կլուծվեն»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ