News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Թուրքիայի բանտերը բոլորովին էլ նման չեն «Կեսգիշերյան ճեպընթացը» ֆիլմում պատկերված բանտերին»․ Սեւան Նիշանյան

 NEWS.am-ը  զրուցել է 3,5 տարի անց Թուրքիայի բանտից փախած թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նիշանյանի հետ՝ կալանավայրում  նրա  անցկացրած տարիների, հետագա ծրագրերի, Թուրքիայում տիրող իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ։

Պարոն Նիշանյան, նախ բոլորին հետաքրքրող հարցը, ինչպե՞ս կարողացաք փախչել բանտից:

Կարելի է ասել, որ ես բանտից չեմ փախչել։ Ապրիլին ինձ տեղափոխեցին բաց հիմնարկություն, մի ինքնատիպ բանվորական ճամբար, որտեղ մեզ թույլատրվում էր ամեն երեք ամիսը մեկ ունենալ մեկ շաբաթ տեւողությամբ հանգիստ։ Ես մեկնեցի տուն եւ չվերադարձա։ Երկրից դուրս գալը ավելի հետաքրքիր էր, բայց վախենում եմ, շատ բան չեմ կարող այդ մասին պատմել։

Ինչո՞ւ հենց Հունաստանն ընտրեցիք:

Ես դիմում ներկայացրի Հունաստանում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով եւ ստացա ժամանակավոր կացության թույլտվություն։ Ապաստան տալու վերջնական որոշումը 2018թ․ մարտին կլինի։ Ես միշտ հիացել եմ Հունաստանով եւ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Հույս ունեմ, որ կապրեմ Էգեյան ծովում գտնվող կղզու վրա, որը շատ է մոտիկ Սիրինցա գյուղում գտնվող իմ տանը։ Այդ կզին կարելի է տեսնել իմ գյուղի բլուրներից։

Ձեր ընտանիքը Թուրքիայում է, չե՞ք վախենում, որ կարող են ճնշումների ենթարկվել:

Իմ երեք երեխաներն արդեն չափահաս եւ խելացի մարդիկ են։ Ես չեմ մտածում, որ նրանք ինչ-որ վտանգի մեջ կարող են լինել։

Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում տիրող իրավիճակը: Շատերն ասում են, որ բռնապետություն է հաստատվում եւ դա առաջին հերթին վտանգավոր է ազգային փոքրամասնությունների համար:

Թուրքիայում քաղաքական իրավիճակն ու դատական համակարգը բավականին վատն են, բայց ես ուրախ եմ նշել, որ ոչ այնքան վատ, ինչքան Սովետական Միությունում էր։ Թուրքիան ապրում է խելագարության ժամանակաշրջան։ Քաղաքական իրավիճակը սարսափելի է, օրենքի իշխանությունը քայքայվել է։ Սա, իհարկե, երկրում բոլորին է վերաբերվում, այդ թվում նաեւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ես գիտեմ, որ հայկական եւ առանձնապես հրեական համայնքների ներկայացուցիչները շատ են անհանգստացած եւ նրանցից շատերը ծրագրում են մեկնել ավելի անվտանգ երկրներ։

Ի՞նչ է սպասվում Թուրքիային, այս իշխանության պարագայում: Կարո՞ղ է պայթյուն լինել՝ հաշվի առնելով, որ լարված են հարաբերությունները թե արտաքին ճակատում, թե ներքին:

Թուրքիան միշտ էլ եղել է դժվար կառավարվող երկիր, ներկայումս այդ դժվարությունները դուրս են եկել վերահսկելի շրջանակներից։ Երկիրը մարտնչում է գործնականորեն աշխարհի բոլոր երկրների հետ, բայց, որ ավելի կարեւոր է, մարտնչում է ինքն իր հետ։ Այդքան վաղ հանգուցալուծում դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում, երեւում է, որ արդյունքում պետք չէ սպասել երջանիկ ավարտի։

Ինչպիսի՞ն է թուրքական բանտը ներսից: Ի՞նչ բարքեր են տիրում: Ձեր նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն էր:

Թուրքական բանտերը, իհարկե, այն չեն ինչպիսին էին 30 տարի առաջ։ Դրանք բոլորովին էլ նման չեն այն բանտերին, որոնք դուք կարող էիք տեսնել «Կեսգիշերյան ճեպընթացը» ֆիլմում։ Շենքերը եւ ենթակառուցվածքները բավարար չափով ժամանակակից են, անձնակազմը բավարար չափով լավ պատրաստված եւ արդյունավետ է աշխատում։ Կանոնները չափից դուրս մանրամասն են՝ աշխատում են լավ, ինչպես մեխանիզմ։ Այդ բոլորը բանտերը հոգեբանորեն ավելի ճնշող է դարձնում, քան նախկինում էր։ Ընդհանուր մեկուսացումը եւ անմարդկայնությունը երբեմն կարող են ավելի վատ լինել, քան ֆիզիկական դաժանությունը։ 3 ու կես տարվա ընթացքում ես փոխեցի 8 հիմնարկություն, ամենուրեք ինձ վերաբերվում էին կոռեկտ՝ տարիքիցս եւ սոցիալական դիրքիցս ելնելով։ Ես միակ հայն էի եւ ուր էլ որ գնայի միակն էի՝ ոչ թուրք էի եւ ոչ էլ մուսուլման։ Դա ինձ համար երբեք պրոբլեմներ չէր ստեղծում, բանտարկյալների մեծամասնությունը դրանում ինչ-որ էկզոտիկ եւ հետաքրքիր բան էր տեսնում եւ շատերը ջանքեր էին գործադրում ինձ հետ բարեկամանալու, կամ էլ ինձ պաշտպանելու համար։ Ես համարում եմ, որ բանտերի ղեկավարությունը ստացել էր նաեւ խիստ հրահանգ ինձ լավ վերաբերվելու եւ իմ անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։

Ե՞րբ ձեզ սպասենք Հայաստանում:

Ես կուզենայի Հայաստան այցելել առաջին իսկ հնարավորության դեպքում, հենց որ հնարավոր լինի ազատ ճանապարհորդել եւ հույս ունեմ, որ դա կլինի 2018թ  մարտին կամ էլ դրանից անմիջապես հետո։ Քանի դեռ ես բանտում էի, իմ շատ հայրենակիցներ ինձ իրենց խոսքերով շատ են օժանդակել։ Ես Երեւանում շատ բարեկամներ ունեմ, որոնց կուզենայի շնորհակալություն հայտնել անձամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ