Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին օգոստոսի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող 26-ամյա Սուրեն Ջեյրանյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վթարի հետեւանքով մահացած Գեղամ Սարգսյանի հարազատները:
Սուրեն Ջեյրանյանը երկու ամսով կալանավորվել է: Նշենք, որ ի սկզբանե, ոստիկանությունը տարածել էր, թե ղեկին եղել է 61-ամյա մի տղամարդ, ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ղեկին իրականում այդ տղամարդու որդին է եղել՝ Սուրեն Ջեյրանյանը:
Մահացած Գեղամ Սարգսյանի հարազատների խոսքով, այժմ բժիշկները պայքարում են նրա 4-ամյա երեխայի կյանքը փրկելու համար:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երևան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց: