News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 11-ին, «Զինված խմբի» գործով նիստին մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի է նրանց համար իրենց առաջադրված մեղադրանքները եւ արդյոք ընդունում են այն, թե ոչ:

Ամբաստանյալները նշեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, ավելին՝ դրանք անհասկանալի են իրենց համար:

Գործով ամբաստանյալներից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակաված մեղադրական եզրակացությունը որակեց ամոթալի:

«Ոչ միայն այն ինձ համար  պարզ չէ, այլեւ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ, ես անգամ ամաչեցի այդ բոլորը լսելով, անգրագիտության աստիճանը իրականում ահավոր է»,-ասաց նա:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանն էլ նշեց, որ իր համար եւս պարզ չէ իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում:

«Ինձ համար պարզ չէր մեղադրանքի էությունը, առաջադրված մեղադրանքով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, մեր նկատմամբ առաջադրված մեղադրանքներն արհեստածին են, քաղաքական հետապնդում է  իրականացվում իմ քաղաքական 30 տարվա գործունեության պատճառով, ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ եւ չկա հանցավոր խումբ, ապշում եւ զարմանում եմ, թե ոնց են էս երիտասարդ երեխաներին բերել եւ փաթաթել էդ մեղադրանքները»,-ասաց նա:

«Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը եւս նշեց, որ իրենց առաջադրված մեղադրանքները շինծու են. «Ո՞նց կարամ իշխանությունը յուրացնել եւ զավթել, երբ իշխանությունն ինձ է պատկանում: Իշխանությունը սկսած 90-ական թվականներից միշտ հայ ազգին է  պատկանել»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ