News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետեւյալ  4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 եւ 28:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am_ին հայտնում են, որ այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, հաշվի առնվելով նրանց առաջարկները:

Ըստ այդմ, հ. 14  երթուղում  հարմարեցված կլինեն թվով 3, հ. 20-ում՝ 2, հ. 22 եւ 28 երթուղիներում 6-ական ավտոբուս: Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում եւ 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող եւ սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել:

Հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու եւ հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաեւ կապը ուսումնական հաստատությունների հետ։

Հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաեւ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:

Նշենք, նաեւ, որ ավտոբուսների կողային եւ դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաեւ ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ