«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը իր պաշտոնը լքել է, որովհետեւ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով, հնարավոր չէ միանգամից մի քանի գործ անել, դրա համար նախընտրել է թողնել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնը:

«Շատերն են մոտեցել, առաջարկել, որ առաջադրեմ իմ թեկնածությունը, եւ ես ի վերջո, համաձայնեցի: Կարծում եմ, միությունում եւս անելիքները շատ են»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով եւ իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: