News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է   ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինին:

Հանդիպումն անցել է անկեղծ երկխոսության, ջերմ, անմիջական մթնոլորտում: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բոլոր ոլորտներում հաստատված եւ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ վերահաստատել են ցանկությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու երկու երկրների դատախազությունների միջեւ ծավալվող արդյունավետ համագործակցությունը, որը սկզբնավորվել է 1999թ. Պեկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով: Երկու երկրների գլխավոր դատախազները կարեւորել են 2015թ. ՀՀ նախագահի՝ ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրված՝ «ՀՀ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը, որը նախադրյալներ է ստեղծում նոր մակարդակի բարձրացնելու միջազգային-իրավական համագործակցությունը:

ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինը արժեւորել է Հայաստանի գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը, ինչպես նաեւ կարեւորել բարձր մակարդակով Հայաստանի ակտիվ մասնակցությունը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ ամենամյա համաժողովին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական ներգրավվածությունը միջազգային համագործակցության տարբեր ձեւաչափերում: Պարոն Ցյանմինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունների միջեւ հաստատված իրավապայմանագրային բազան հնարավարություն է տալիս բարձրացնելու իրավական օգնության փոխադարձ հարցումների արդյունավետությունը:  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ գլխավոր դատախազին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հանցավորության դեմ պայքարում եւ իրավական փոխօգնության հարցում երկու երկրների դատախազությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու դեռեւս չիրացված լուրջ ներուժ կա, եւ Հայաստանը մեծ հույսեր է կապում 2015թ. ստորագրված համաձայնագրի լիարժեք գործողության մեջ դրվելու հեռանկարի հետ:

ՀՀ գլխավոր դատախազը ՉԺՀ իր գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արթուր Դավթյանը նշել է, որ այդ այցը կխթանի հետագա համագործակցությունը եւ դրա  շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացումը:Պարոն Ցյանմինը սիրով ընդունել է հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ