News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի մի քանի շենքերի բնակիչներ արդեն 10 օրից ավելի է՝ չեն կարողանում նույնիսկ պատուհանները բացել. գարշահոտությունը հատկապես երեկոյան ժամերին անտանելի է դառնում:

«Կոյուղու գարշահոտ է, հոտն արդեն անտանելի է, չենք կարողանում բացարձակ շնչել, գիշերվա ժամերին հատկապես որ քամի է լինում, ամբողջը գալիս լցվում է տուն: Սկզբում մտածում էինք մեր կոյուղու հետ է կապված խնդիրը, բայց էսօր իմացանք, որ կողքի մուտքերում էլ է հոտը տարածվում: Ոչ մի տեղ ճիշտն ասած չենք դիմել, որովհետեւ անցած տարի էլի նմանատիպ խնդիր էր առաջացել, դիմեցինք թաղապետարան, բայց մեզ ասացին, որ ինքնուրույն պետք է կարգավորեք խնդիրը: Ամբողջ շենքով այն ժամանակ հավաքվեցինք ու մաքրեցինք»,- NEWS.am-ին ասաց շենքերից մեկի բնակչուհին՝ Վիկան:

Այս նրբանցքի 5 շենքերում՝ թիվ 52, 54, 58, 60 եւ 62, հատկապես այս գիշեր հոտն անտանելի է եղել: Բնակիչների պատմելով, ամբողջ գիշեր քնել չեն կարողացել, մի պահ իրենց նույնիսկ թեւացել է, թե երեխաները կարող է թունավորվեն այդ հոտից:

«Չգիտենք նույնիսկ՝ կոյուղին է, թե չէ, հոտն էնքան սուր է, որ ամբողջ տարածքում զգացվում է»,- նշեցին բնակիչներից:

Այս նրբանցքում բնակվողները հույս ունեն, որ Շենգավիթի համայնքապետարանը կարձագանքի իրենց խնդրին եւ լուծում կտա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ