Որեւէ հիմք չկա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար ստեղծվի Ազգային ժոզովում ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Ելք» ներկայացրած նախագծի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասաց հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը:

«Նիկոլ Փաշինյանը բովանդակությանը ոչ համարժեք ձևով ներկայացրեց նախագիծը: Այն առաջարկը, որ մեր առջև է, և հիմնավորումը, և բովանդակությունը ուսումնասիրելով տեսնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Հիմնավորում չկա, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով և չկա փաստ, որը խոսում է այն մասին, որ գործող հանձնաժողովը չի կարող անդրադառնալ, չունի որևէ գործիքակազմ, կամ լիազորությունների պակաս ունի»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ «Ելք»-ն առաջարկում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկել ժամանակավոր հանձնաժողովում: Նիկոլ Փաշինյանի հիմնավորմամբ, ժամանակավոր հանձնաժողովը քննարկում է միայն մեկ հարց, ունի 2-ամսյա ժամկետ՝ նախագիծը քննարկելու համար: