News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սպիտակցի 40-ամյա Հասմիկ Անդրեասյանը 9 երեխա ունի. 8 աղջիկ, մի տղա: Երեխաներից երկուսն ամուսնացած են: Ավագը՝ 20 տարեկան է, կրտսերն ընդամենը 5 ամսական:

Բազմազավակ մայրը մեր այցի պահին հաց էր թխում. «Որ հացը չթխեմ, չեմ հասցնի: Առանց էն էլ էնքա՜ն պարտք ունենք»,- ասաց Հասմիկը:

Ընտանիքի հայրն առողջական խնդիրներ ունի, ինչի արդյունքում հաշմանդամության առաջին կարգ են տվել: Չնայած տեսողության ու ողնաշարային մի շարք խնդիրներին, վերջինս փորձում է ժամանակ առ ժամանակ օրավարձով աշխատանքներ կատարել, ընտանիքի հոգսերը մեղմելու համար:

Ընտանիքում եկամտի հիմնական աղբյուրը 70.000 դրամ նպաստն ու 21.000 դրամ թոշակն է: Ամուսինները կուտակված պարտքերն ամեն ամիս փորձում են թեթեւացնել նպաստի միջոցով: Պարտքերը, սակայն, ձնագնդի պես շարունակում են մեծանալ:

Ուսումնական տարին ընտանիքն սկսել է նոր պարտքացուցակով: Տարբեր խանութներում կուտակված պարտքի չափի մասին բազմազավակ մայրը խուսափում է խոսել. «Էնքան շատ ա, որ ավելի լավ ա, չասեմ: Ինչքան հնարավոր է՝ փորձում եմ թեկուզ պարտքով, ես անեմ: Այս պահին ես մենակ 85.000 դրամի խանութում դպրոցական հագուստի գումարի պարտք ունեմ»,- ասում է Հասմիկը:

Ընտանիքի ամենօրյա ծախսերին փոքրիկի ծնվելուց հետո գումարվել են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման խնդիրը: Քաշի հետ կապված խնդիր ունեցող փոքրիկին արհեստական կերով ապահովելու համար Հասմիկն ամեն շաբաթ  Nutrilon կեր է գնում, որի արժեքը 7000 դրամ է:

Բազմազավակ մայրը, ով մեզ հետ զրույցի ընթացքում դժվարանում էր հստակ նշել, թե առավելապես ինչի կարիք ունի ընտանիքը, փոքրիկի մասին խոսելիս ամեն ինչ մոռացած,  ասում է. «Ամենակարեւորն այս պահին երեխու կերն է, որը չեմ կարողանում գնեմ, շատ թանկ է»:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով. 093980523 Հասմիկ:

Տպել
Ամենաշատ