News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր  Հարութ Սասունյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, նշում է.

«Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրեւ հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝ միայն իրեն հայտնի հիմնավորմամբ նման կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Կորիբկոյի հոդվածը պարզապես անտեղյակության հետեւանք չէ, այլ միտումնավոր ջանքեր՝ կազմակերպված այն մարդկանց կողմից, որոնց մասին դժվար չէ կռահել...

Կորիբկոյի հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի Գլոբալիզացիայի հետազոտական կենտրոնի կողմից, վերնագրված է. «ԱՄՆ-ի հայկական լոբբիի առաքելությունն է՝ սադրել Ադրբեջանին եւ Ռուսաստանին»: Նույնիսկ վերնագրից ակնհայտ է, որ հեղինակը փորձում է բախում հրահրել Ռուսաստանի եւ հայերի միջեւ, երբ իրականում նման բան գոյություն չունի: Հոդվածի վերջում նշվում է, որ այն «նախապես գրվել է Moscow-Baku.ru առցանց տեղեկատվական պորտալի համար», որը հստակ ապացույցներ է ներկայացնում, թե ում է հեղինակը փորձում գոհացնել...

Իր առաջին պարբերության մեջ Կորիբկոն հարձակվում է Կալիֆորնիայի հայերի վրա՝ իրենց ծայրահեղ ազգայնականության եւ հանուն Միացյալ Նահանգների ու ընդդեմ Հայաստանի շահերի աշխատելու համար: Անշուշտ, այս հայտարարություններից եւ ոչ մեկը ճիշտ չէ... Հեղինակի նպատակն է՝ անհիմն հակասություններ սերմանել: Ահա Կորիբկոյի կեղծ մեկնաբանության առաջին պարբերությունը.

«Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքների մեջ առավել ազդեցիկ զենքերից մեկը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին է Կալիֆորնիայում, որը պաշտպանում է իրենց հայրենիքի առավել ազգայնական եւ սադրիչ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունների համար պատասխանատու եւ գործնական գործիք ծառայելու փոխարեն, ինչը կարող էր մեծ տերությունների միջեւ լինել հաշվարկված հավասարակշռված քաղաքականություն, սակայն այստեղ դերերը շրջվել են, եւ Երեւանն է օգտագործվում որպես գործիք ու միջոց ԱՄՆ-ի հայկական լոբբիի համար՝ աշխատելով ընդդեմ հայկական շահերի՝ ԱՄՆ-ի առաջխաղացման համար: Բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց մարդիկ ստեղծեն ուժեղ եւ ազդեցիկ սփյուռքի համայնքներ, սակայն հայերը շատ քաղաքականացված են եւ պարբերաբար բացասական ազդեցություն են ունենում Երեւանի վրա, որպեսզի նա հետագայում հայտնվի ամերիկյան վերահսկողության տակ»:

Նախեւառաջ, Կալիֆորնիայի հայերը ոչ փորձում են եւ ոչ էլ կարողություն  ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա ազդելու համար: Երկրորդ, եթե որեւէ մեկը նվազագույն գիտելիք ունենար ամերիկահայերի մասին, ապա կիմանար, որ նրանք հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը եւ Թուրքիայի անխոհեմ ազդեցությունը ԱՄՆ կառավարության ղեկավարների վրա, որոնք հրաժարվում են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Հետեւաբար, ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Կալիֆորնիայի հայերը կուրորեն ծառայում են Միացյալ Նահանգների շահերին:

Այնուհետեւ Կորիբկոն մեղադրում է «ԱՄՆ-ի հայկական սփյուռքին»՝ սեպտեմբերի կեսերին կոնգրեսական պատվիրակությանը ոչ միայն Հայաստան տանելու, այլ «լայնորեն լուսաբանված այցի համար դեպի արեւմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Արցախի Հանրապետությունը ներկայացնելով որպես «արեւմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքներ», Կորիբկոն հստակեցնում է, թե ում շահերն է պաշտպանում... Տարօրինակ է, որ հեղինակն այնուհետեւ այդ կոնգրեսական այցը ներկայացնում է ոչ միայն որպես ամերիկամետ քայլ, այլեւ՝ «Ռուսաստանին հասցված ընդհանուր ռազմավարական վնաս»: Այսպիսով, Կորիբկոն մեղադրում է ամերիկահայերին ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն վնասելու Ռուսաստանին... Հեղինակը պարզապես ցույց է տալիս, թե բացի Ադրբեջանից, ով է իր երկրորդ վճարող տերը...

Այնուհետեւ Կորիբկոն դիմում է ծայրահեղ չափազանցության՝  հնարելով հետեւյալ կեղծ սցենարը ամերիկահայերի մասին. «Իրականում, նրանք ցանկանում են հնարավոր ամեն ինչ անել քանդելու հայ-ռուսական պատմական բարեկամությունը՝ ջղաձգորեն փորձելով Երեւանը պոկել Մոսկվայից եւ բերել Վաշինգտոնի հովանու ներքո»:

Իր կեղծ պնդումը պաշտպանելու համար, հեղինակը նշում է, որ անցած ամիս Հայաստանի քաղաքացիների բողոքները կառավարության պաշտոնյայի՝ ռուսերենով ծրագրերին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ, սերտորեն համընկնում են ԱՄՆ-ի Սփյուռքի որոշ տարրերի եւ նրանց ամերիկյան գործընկերների առաջ քաշած տեսակետին»: Իրականում, որեւէ մեկը ամբողջ Սփյուռքում ոչ մի քննադատական խոսք չի ասել ռուսերենի մասին: Այնուհետեւ Կորիբկոն դիմում է մեկ այլ անհիմն չափազանցության՝ պնդելով, թե Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը «ճնշման ազդեցության տակ տեղի է տվել Սփյուռքի պահանջներին եւ վերահաստատել է, որ երկրում միակ ազգային լեզուն հայերենն է.... Արդյոք նա մտադրվել էր, թե ոչ, [կրթության նախարար Լեւոն] Մկրտչյանն ընկավ տեղեկատվական պատերազմի ծուղակը, որը նրա համար լարել էին ԱՄՆ-ում Սփյուռքի քաղաքական գործունեությունը կազմակերպող խորամանկ ուղեղները»: Սա հեղինակի հերթական հերյուրանքն է...

Կորիբկոն, գերազանցելով տրամաբանության բոլոր սահմանները, պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին շատ նման է գյուլենիստներին Թուրքիայում, այն բանով, որ նրանք եւս ներկայացնում են ստվերային իշխանության մի ցանց` մանիպուլյատիվ միջոցներով առաջ բերված կոնկրետ աշխարհաքաղաքական օրակարգով, եւ երկուսն էլ ծառայում են Վաշինգտոնի շահերի համար, ընդդեմ իրենց հայրենիքների»: Կորիբկոն լիովին սխալ եզրակացությամբ պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին վտանգավոր կերպով մոտ է լիակատար վերահսկողության տակ առնելու իր հայրենիքի արտաքին քաղաքականությունը»:

Կորիբկոյի հոդվածը լեցուն է բազմաթիվ այլ կեղծիքներով: Նա, ով պատվիրել է այս հոդվածը, պետք է գիտակցի, որ նման հեղինակներն իրենց ծիծաղելի կեղծիքներով ավելի մեծ վնաս են հասցնում իրենց վճարող տերերի, քան թե Կալիֆորնիայի հայ համայնքի շահերին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ