Աշխարհում ոչ մի երկիր արհեստական ինտելեկտով մեքենայական աշխատանքի եւ ուսուցման ոլորտում դեռեւս առաջատար դիրքերում չէ, եւ Հայաստանն այդ ոլորտում մեծ ներուժ ունի։ Անգամ քիչ ռեսուրսներով Հայաստանը կարող է այդ շուկայում լավ տեղ զբաղեցնել, պնդում է PicsArt–ի հայկական գրասենյակի գլխավոր եւ տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանը։

Մինչեւ վերջերս մեքենայական ուսուցման եւ արհեստական ինտելեկտի հետ աշխատանքի ոլորտում մասնագետներին Հայաստանում կարելի էր մատների վրա հաշվել։ Հիմա PicsArt, BetConstruct եւ Ucom ընկերությունների նախաձեռնությամբ 28 երիտասարդներ 6-ամսյա ուսուցման դասընթաց են անցել այդ մասնագիտությամբ, եւ նրանց մեծ մասն արդեն վերոնշյալ 3 ընկերություններում աշխատանքի է անցել։ Իսկ մյուսները դեռ բաց են նոր առաջարկների համար։

Լրագրողների հետ զրույցում Միքայել Վարդանյանն ասաց, որ PicsArt–ը հաճախ է թրենինգներ կազմակերպում` իրենց մոտ աշխատանքի անցնելու համար մասնագետներ պատրաստելու նպատակով։ Բայց այս տարի ծագել էր ուսուցման ավելի խոշորամասշտաբ ծրագիր կազմակերպելու գաղափար, որը կադրեր կպատրաստեր ոչ միայն PicsArt–ի, այլ նաեւ այլ ընկերությունների համար։ Դասընթացները վարում էին Armenian Code Academy–ի մասնագետները՝ այլ երկրներից հրավիրված մասնագետների հետ համատեղ։

Ucom ընկերության  ներկայացուցիչ Զավեն Նավոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատում են մեծ քանակով տվյալների հետ, եւ երիտասարդ մասնագետները, որոնք մեքենայական ուսուցման դասընթացի ավարտին միանում են ընկերությանը, կօգնեն այդ  տվյալների հետ աշխատանքը բարձրացնել նոր մակարդակ։

Bet Construct ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Մկրտչյանն իր հերթին նշեց, որ աշխատանքի ընդունված երիտասարդները աշխատելու են նոր, հետաքրքիր լուծումների վրա, որոնք ընկերությունն ավելի մրցունակ կդարձնեն շուկայում։

Մեքենայական ուսուցումը արհեստական ինտելեկտի ենթաբաժին է, որն ուսումնասիրում է սովորելու ունակ ալգորիթմների կառուցումը։ Դասընթացի մասնակից Անուշ Թոսունյանի խոսքով՝ մեքենայական ուսուցումը գիտություն է, որը մեքենաներին սովորեցնում է ինքնուրույն մտածել եւ սովորել։ «Մենք մեքենային ուղղություն ենք տալիս, որպեսզի այն կարողանա սովորել ինքնուրույն որոշումներ կայացնել»։

Անուշը հիմա սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում եւ արդեն մեկ ամիս է՝ աշխատում է BetConstruct–ում։ Նրա խոսքով՝ ի հեճուկս այն կարծրատիպի, թե ծրագրավորումը «տղամարդկային» մասնագիտություն է, կնոջ համար բարդ չէ այդ ոլորտում իր տեղը գտնել։ Անուշի խոսքով՝ ծրագրավորման ոլորտում տղամարդիկ ավելի շատ են, գոնե Հայաստանում այդպես է, բայց աշխատանքի որակով նրանց միջեւ տարբերություն չկա։

«Գործատուի համար միեւնույնն է, դու կին ես, թե’ տղամարդ։ Եթե դու կարող ես հետաքրքիր նախագծեր ներկայացնել, եթե կարող ես ապացուցել, որ խելացի ես, ոչ մի տարբերություն չկա, թե ինչ սեռի կամ տարիքի ես»,– ասում է Անուշը։

PicsArt–ի հայկական գրասենյակի գլխավոր եւ տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու. ապագայում պլանավորվում է նոր դասընթացներ սկսել։ Պլանավորվում է նաեւ ավելի սերտ համագործակցել համալսարանների հետ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ մեծամասշտաբ ծրագրեր եւ թրենինգներ իրականացնել արհեստական ինտելեկտի հետ աշխատող երիտասարդ մասնագետների համար: