News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անազատության մեջ մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը։ Այս տեղեկությունը հաստատել են Հայրապետյանի հարազատները։

Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։

Լեւոն Հայրապետյանը 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

2016-ի ապրիլին գործարարին ազատ արձակելու կոչ-հայտարարություն էին տարածել նաեւ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները. «Հաշվի առնելով Լեւոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը եւ  ազատ արձակել նրան»:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Մասնավորապես, Հայրապետյանի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։  Լեւոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաեւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2007 թվականին Լեւոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն քմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա` տրամադրելով 7 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստեւը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո։ Այնուհետեւ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, սակայն 2016-ի ապրիլին նա նորից կալանավորվել է եւ գնտվում էր անազատության մեջ:

Նրա փաստաբան Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ