News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրությամբ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզելու, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը իր բյուջեից տարեկան 11 մլն դրամ անդամավճար տալիս մի ասոցիացիայի, www.avagani.am, որը փաստացի չի գործում եւ որի նախագահն է  ՀՀ ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք դիմումի տեքստը.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երեւան համայնքի ավագանին հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ այդ կազմակերպությանը վճարում է տարեկան 11 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2015թ. դրությամբ վճարվող անդամավճարը կազմում էր տարեկան 5.5 մլն դրամ: Ասոցիացիայի պաշտոնական կայքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեւական ժամանակ է այդ կազմակերպությունը փաստացի չի գործում, ուստի առաջանում է անդամակցության վերանայման խնդիրը:

Հիմք ընդունելով Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՕ-5-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետեւյալի վերաբերյալ.

որքա՞ն ժամանակ է Երեւան քաղաքի ավագանին անդամակցում Հայաստանի ավագանիների ասոցիացիային եւ որքա՞ն է կազմել տարեկան անդամավճարը ըստ անդամակցության տարիների,

խնդրում եմ տրամադրել տեղկատվություն (ժամանակացույց) Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից կազմակերպված աշխատանքներին Երեւան քաղաքի ավագանու մասնակցության վերավերյալ,

ի՞նչն է հիմք հանդիսացել Հայաստանի ավագանիների ասոցիացիային անդամակցության տարեկան վճարի կրկնապատկման համար,

Տեղեկացնում եմ նաեւ, որ համաձայն ասոցիացիայի պաշտոնական կայքէջում տեղադրված կանոնադրության 4.1 ենթակետի, կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի: Անդամակցության վերաբերյալ կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ, ինչը նշանակում է, որ սույն կազմակերպության անդամակցությունը կրում է բացառապես անհատական բնույթ եւ որպես հավաքական մարմին Երեւան քաղաքի ավագանին չի կարող հանդիսանալ այս կազմակերպության անդամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը դիմում եմ Ձեզ առաջարկով՝ կասեցնելու Երեւան քաղաքի ավագանու անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային եւ քննարկելու անդամակցության դադարեցման հարցը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ