News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը ներկա են եղել պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ նրանց հետ քննարկել  Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների արդարադատության խորհուրդը նշված կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ հարթակ դիտարկելու նպատակահարմարությունը:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անչափ կարեւորում է միջազգային համագործակցության նման հնարավորությունը, որը կնպաստի մեր երկրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազմանը, կանխարգելմանը, ինչպես նաեւ երեխաների պաշտպանությունն ապահովող փորձված եւ արդյունավետ մեխանիզմների ու կառուցակարգերի ներդրմանը:

Այս համատեքստում ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է EVAC գլոբալ գործընկերության հետ ՀՀ անդամակցության հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը:

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զեկուցել է 2017 թվականի հունվարից մինչ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակում ստացված դիմում-բողոքների վիճակագրությունը: Համաձայն այդ տվյալների՝ ստացվել է 62 բողոք, որոնցից՝ 25-ը երկու ծնողների հետ կապված, 10-ը երեխայի կրթություն ստանալու իրավունքի հետ կապված, 25-ը այլ խնդիրներին առնչվող բողոքներ՝ (ալիմենտ, բնակելի տարածություն, առողջարանի ուղեգրեր, նպաստներ եւ այլն) եւ 2-ը սեփական նախաձեռնությամբ սկսված քննություններ:

Օրակարգային հարցով ներկայացվել է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան 10 հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող Բռնությունը փոխարինենք սիրով հանրային արշավի 3-5 տարվա գործողությունների ծրագիրը, որի առնչությամբ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաեւ խորհրդի դիրքորոշումը՝ միտված առավել արդյունավետ համագործակցությանը:

Տպել
Ամենաշատ
Partner news