News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքը հակասում է արդարության սկզբունքին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

«Կա կարեւորագույն մի սկզբունք՝ արդարության սկզբունքը։ Այսինքն, երբ մի կուրսում սովորող 15 հոգի զորակոչվում են բանակ, իսկ մի քանիսը՝ ոչ, որովհետեւ կա կես կամ մեկ բալի տարբերություն, սա այդքան էլ արդարացի չէ այն 15-ի նկատմամբ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով,  կա այլընտրանք՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն կտա ուսումը վերջացնել՝ ստանալով սպայի աստիճան, ապա նոր զորակոչվել՝ ավելի օգտակար լինելով մեր զինված ուժերին որպես սպա։

«1998 թվականից ես այն համոզմունքին եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Այսօր բանակ են զորկոչվում 3000-4000 ուսանողներ, իսկ տարկետումը վերաբերում է միայն մի քանի հարյուր հոգու։ Այն դեպքում, երբ  թեկնածուական դիսերտացիաները պաշտպանած երիտասարդների շատ քիչ տոկոսն է, որ մնում է գիտության մեջ։ Նրանց հիմնական մոտիվացիան բանակից խուսափելն է դառնում»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Իր խոսքի վերջում  ԿԳ նախարարը հայտնեց, որ արվեստի եւ բնական գիտությունների ոլորտում հնարավոր են բացառություններ, Ազգային ժողովում առաջինից երկրորդ ընթերցումները ընկած ժամանակահատվածում դրանք ավելի կհստակեցվեն։

Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։

Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ