News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցանկանում ենք, որ գիտությամբ զբաղվողները միայն գիտական բացահայտումներով զբաղվեն եւ ստիպված չլինեն գնալ այլ աշխատանք փնտրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ նշել է FAST-ի տնօրեն Արմեն Օրուջյանը:

«Խորապես հավատացած ենք, որ Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես ազգ, կկարողանանք հաջողության հասնել ու մրցել համաշխարհային մասշտաբով միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների 100 տոկոսին կընձեռնվի գիտությամբ զբաղվելու հնարավորություն»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ մինչեւ ծրագրի կյանքի կոչելը ուսումնասիրվել է Հայաստանի «էկոհամակարգը» եւ իրենց քայլերն արվելու են՝ մեր միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով, այսինքն՝ խնդիրներին ստանդարտ լուծումներ չեն տրվելու. «Մենք զգում ենք, որ հիմա է ժամանակը` ինչ-որ բան սկսելու, փոխելու, եւ Հայաստանն ունի այդ ներուժը: Ես վստահ եմ՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ աշխարհում»,- ասել է Արմեն Օրուջյանը:

Նշենք, որ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 19-ին: Այն աջակցում է ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ասպիրանտներին եւ հայցորդներին, որոնք ցանկություն ունեն բնական գիտությունների (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա) ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: Ասպիրանտների եւ հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյա կրթաթոշակներ: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, եւ 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ կին ասպիրանտների եւ հայցորդների համար՝ 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: Կին գիտնականների համար նախատեսված կրթաթոշակը նպատակ ունի խթանելու ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության բնագավառներում կանանց ներգրավումը. վիճակագրության ազգային ծառայության 2015թ. տվյալներով այս ոլորտներում կին եւ տղամարդ գիտնականների համամասնությունը եղել է մոտավորապես 30-ը 70-ի:

 

Տպել
Ամենաշատ