News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այնքան է «մտահոգված» զինծառայության խնդրով, որ եթե կառավարությունը որոշի՝ նրա ծառայությունն էլ է անհրաժեշտ, ապա կզորակոչվի առանց վարանելու: NEWS.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը մատնացույց արեց պարտադիր զինծառայությունից խուսափած եւ գիտության թիկունքում թաքնված հազարավորներին, որոնցից գեթ մեկն անգամ « հայ ժողովրդին աշխարհի առջեւ չի կարողացել ներկայացնել՝ ինչպես որ այն կա»:

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին Սահակյանն անվերապահորեն կողմ է, քանի որ ըստ նրա՝ ՀՀԿ-ն այդ փոփոխությամբ դասալիքներին ստիպում է մտածել՝ «եթե պետություն չունենք, գիտական հոգսերը պետք չեն»:

«Այնպես չի, որ երկու տարի բանակում ծառայում են եւ գիտակցությունը կորցնում ու չեն կարող գիտությամբ զբաղվել: Որտեղ դասալիքներ կան, նրանք պիտի մտածեն, որ այն ազգն է ազգ մնում, եթե պետություն է: Եթե մենք պետություն չունենք, այդ գիտական հոգսերը մեզ պետք չեն: Առանց պետություն ունենալու մենք բավականին մեծ գիտություն ենք ձեռքբերել: Տարբեր կարծիքներ կան եւ համակարգիչներով կնայեք ու կտեսնեք՝ հայերը գիտական ասպարեզում ինչեր են ձեռք բերել, երբ պետություն չեն եղել: Դրական հայ լինելու համար առաջին գործը պետություն պաշտպանելն է»:

Գալուստ Սահակյանն ասաց՝ տարակուսած է այն մեկնաբանություններից, որ ուսման տարկետումն ընդամենը 100-200 ուսանողի է վերաբերում եւ այն վերացնելով՝ թե սոցիալական արդարության, թե բանակը համալրելու խնդիրը չի լուծվի:

«Կարեւորը 100-200 հոգին չեն, եթե մի զինվոր կա, որ բանակ չի զորակոչվում, վնասում է պետությանը: Դա 100-ի խնդիրը չէ, եւ ես չեմ կարծում, որ այդ ուսանողները, որ պիտի սովորեն, նրանց մեջ մեկը կա, որ էնպիսի բարձունքի պիտի հասնի, որ հայ ժողովուրդին կարողանա ամբողջ աշխարհի առաջ հառնել՝ ինչպես որ կա: Եթե մարդը կարողանա ծառայությանգնալով երկու տարի անց խելքը կորցնի, նրան պետք չի գիտնական դառնա»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նա առաջարկեց մի օրենք էլ գրել պաշտոնյաների որդիներին առաջնագծից ազատելու խնդրի մասին, որ սոցիալական արդարությունն ամբողջական լինի:

«Եթե չեն գնում առաջնագիծ, կարելի է դրա մասին էլ օրենք ստեղծել, պիտի բոլորը գնան: Ես կարող եմ պատմել՝ իմ տղան ոնց է գնացել բանակ, ինչից է փրկվել: Նույնիսկ մեկ հոգին էլ պիտի բանակ գնա, եթե մեր բանակին որոշեն, որ անհրաժեշտ է, ուրեմն ես էլ պիտի գնամ բանակ»,-պատրաստակամություն հայտնեց 69-ամյա հանրապետականը:

Տպել
Ամենաշատ