News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 25
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Գիշատիչ թռչունների հրազենով որսը անթույլատրելի է: Յուրաքանչյուր տեսակը շատ արժեքավոր է պոպուլյացիայի պահպանման համար, հետեւաբար ցանկացած գիշատիչի սպանելով, մենք վնաս ենք հասցնում ոչ թե մեկ տեսակին, այլ ամբողջ պոպուլյացիային:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը:

«Գիշատիչ թռչունների որսի միտումը, չեմ ուզում ավանդույթ բառն օգտագործել, որն ավելի դրական իմաստ ունի, Հայաստանում վաղուց է նկատվում:

Մասնավորապես, անկախությունից հետո օրենսդրությունների փոփոխությունները եւ որպես հետեւանք որոշ ժամանակահատվածում վերահսկողության թուլացումը, բնակչության մոտ հրազենի առկայությունը միտումն ուժեղացրել են, եւ մենք բնակչության շրջանում ավելի շատ խրտվիլակների առկայություն ենք նկատել:

Հասկանալի է, որ «ավարային որսի» միտումը խորը արմատներ ունի, իսկ մյուս կողմից մարդիկ  որսի արժեքի  մասին գաղափար չունեին: Առաջին հերթին «ավարային որսի» զոհ էին դառնում գիշատիչ թռչունները»,- ասաց Կարեն Աղաբաբյանը:

Պրոֆեսորը հիշեցրեց, որ պատմությունից քիչ դեպքեր  հայտնի չեն, երբ որոշ երկրներում անխտիր ինչ-որ որոշակի գիշատիչ թռչունի տեսակ էին ոչնչացնում:

Օրինակ՝ Նորվեգիայում 30-ականներին ոչնչացրել են հավաբազեին, քանի որ նա որսորդների մրցակիցն էր եւ սպիտակ կաքավ էր որսում:

«Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Սկզբնական շրջանում կաքավի քանակությունն աճեց, այնուհետ մի քանի շարքով կտրուկ նվազեց, քան մինչեւ հավաբազեների ոչնչացումն էր:  Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կաքավները, տարբեր համաճարկների են նախատրամադրված, իսկ հավաբազեն թույլ չէր տալիս համաճարակներին տարածվել՝ որսալով հիվանդ թռչուններին, քանի որ հիվանդներն ավելի դանդաղ էին թռչում, նրանց ուշադրությունը նվազ էր, հետեւաբար նրանց որսալը հեշտ էր:

Նույնը մյուս բոլոր գիշատիչ թռչուններին է վերաբերում:

Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր մի շարք գիշատիչ թռչուններ, որոնց մենք հաճախ հանդիպում ենք խրտվիլակի տեսքով, ինչպես, օրինակ, լալկան բազեն եւ շամբաճուռակը, մասնագիտացված մկնակերներ են, այսինքն՝ առավելապես սնվում են մկնակերպ կրծողներով, եւ դաշտերի մերձակայքի բաց տարածքներում լալկան բազեի բավականին մեծ խտության դեպքում նրանք գյուղատնտեսությանը վիթխարի օգուտ են բերում»:

Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ նույնը վերաբերում է անգղներին: Անգղները մասնագիտացած լեշակեր են, այլ ոչ թե ակտիվ գիշատիչներ: «Դրա հետեւանքով նրանք տառացիորեն, բավականին ծեծված արտահայտություն է, բայց բնության սանիտարներ են, որովհետեւ վերացնում են կենդանիների լեշերը: Սրան պետք է նաեւ ավելացնել այն փաստը, որ, որպես կանոն, բնության մեջ գիշատիչների թվաքանակը մի քանի կարգ ցածր է, քան կենդանիների մյուս տեսակների քանակությունը, որովհետեւ գիշատիչների մեկ զույգի սնվելու համար անհրաժեշտ է մյուս տեսակի թռչունների եւ կաթնասունների մեծ թվով առանձնյակներ:

Հայաստանում գառնանգղի թվաքանակը կազմում է գրեթե 10-11 զույգ, վերջին գնահատականներով՝ գիշանգղի քանակը 52-ից 56 զույգ է, սպիտակագլուխ գորշանգղինը, սպանված թռչունների լուսանկարները մենք հիմա հաճախ ենք տեսնում համացանցում, գրեթե 35-40 զույգ է, սեւ անգղինը՝ 9-10 զույգ: Սրանք անգղների 4 տեսակներն են, որոնք բնադրում են կատարում Հայաստանում: Ակտիվ գիշատիչների թվաքանակը եւս առանձնապես չի աճել: Օրինակ՝ Հայաստանում քարարծվի քանակը կազմում է 42-ից մինչեւ 50 զույգ, հարաբերական է փոքր շահնարծվի, գաճաճ արծվի, օձակերի թվաքանակը, թվարկումը կարելի շարունակել: Պոպուլյացիայի պահպանման համար յուրաքանրյուր առանձնյակ ծայրահեղ կարեւոր է, ուստի որեւէ մեկի որսով, որ գիշատիչն էլ լինի, մենք ոչ միայն վնաս ենք հասցնում ուղղակի մեկ առաձնյակին, այլ ամբողջ պոպուլյացիային:

Վայոց Ձորի մարզի որսորդների շրջանում լավ խոսք կա։ Նրանք ասում են, որ վայրի թռչունը որսորդ է, եւ երբ դու կրակում ես նրա վրա, դա նշանակում է, որ կարող ես նաեւ մեկ այլ որսորդի սպանել։ Մյուս կողմից էլ հասկանալի է որսի ավար ունենալու ցանկությունը։ Այստեղ պետք է մարդկանց այլընտրանք առաջարկել՝ ոչ թե տանը եղած դիակները արժեվորել, այլ լավ լուսանկարները կամ փայտի ու քարի վրա թռչունների փորագրությունը։ Հատկապես որ բոլոր խրտվիլակները ցեցից կամ բզեզներից պաշտպանելու համար մկնդեղով են մշակում։ Ստացվում է, որ դուք ձեր տուն կամ ռեստորան եք բերում մկնդեղով մշակված լեշը։ Ինչպես ասվում է, ինքներդ որոշեք, թե ձեզ տանը նման թունաքիմիկատներ պետք են, թե ոչ»,- նշեց Կարեն  Աղաբաբյանը։

Փորձագետը նշեց, որ Հայաստանում վայրի թռչունների հրազենով որսի համար պատժի միջոցները չեն վախեցնում պոտենցիալ խախտողներին: Բնապահպանության նախարարության հաստատած արժեքի համաձայն՝ սեւ ուրուրի որսն արժե 100 հազար դրամ, գիշանգղը գնահատված է 400 հազար դրամ, սեւ անգղը՝ 400 հազար դրամ, սպիտակագլուխ գորշանգղը՝ 250 հազար դրամ, հավաբազեն՝ 100 հազար դրամ,  քարարծիվը՝ 200 հազար դրամ: Եթե որսը կատարվել է պահանվող տարածքում, ապա տուգանքի գումարը 5 անգամ մեծանում է: «Ինձ թվում է, որ գներն այնքան էլ վախեցնող չեն: Այսինքն առաջին՝ սովորականի պես բնակիչները հույս ունեն, որ չեն բռնվի: Կա՛մ կճողոպրեն, կա՛մ կվճարեն: Կարծում եմ՝ տուգանքի չափի մեծացումից բացի, անհրաժեշտ է որսորդների շրջանում լուսաբանման լուրջ աշխատանք իրականացնել, որ առաջին՝ նրանց իրազեկվի հնարավոր պատժի մասին, երկրորդ՝ նրանց սկզբունքորեն ցույց տրվի այն վնասը, որն իրենք հասցնում են: Նոր գները պետք է սահմանել այն տեսանկյամբ, թե ինչպիսին է բնությանը եւ գյուղատնտեսությանը, նաեւ նույն որսորդին պատճառվող վնասը: Որովհետեւ մեկ լալկան բազեի որսը նշանակում է շրջակայքի դաշտերին զրկել կրծողների կենսաբանական վերահսկողության հնարավորությունից: Մեր հետազոտություններով՝ մեկ լալկան բազեն տարեկան ոչնչացնում է 2-3 հազար կրծողի, որոնք տասնյակ տոննաներով ցորեն են ուտում: Հետեւաբար՝ գները հարկ է սահմանել այն տրամաբանությունից ելնելով, թե ինչպիսին է հասցված վնասը: Լալկան բազեի կյանքի տեւողությունը մոտ 20 տարի է, տուգանքի գումարը պետք է սա հաշվի առնի: Ահա եւ հաշվեք: Իսկ տուգանքներից ստացվող մուտքերը կուղղվեն այն տեսակի պայմանների բարելավմանը, որի դեմ հանցագործությունը կատարվել է»,- նշեց Կարեն Աղաբաբյանը:

Մեկնաբանելով վերջերս Տավուշում Ռազմական ոստիկանության աշխատակցի կողմից վիրավոր սպիտակագլուխ գորշանգղին փրկելը՝ պրոֆեսորը շեշտեց. «Այն, որ տեղեկությունը տարածվեց եւ նման արձագանք ստացավ, շատ լավ նշան է առաջին հերթին տեղեկությունը բոլորին հասցնելու տեսակետից: Բացառված չէ, որ այսպիսի վեհանձն արարքը դարձել է սպիտակագլուխ գորշանգղի սպանության վերաբերյալ նախկինում բարձրացված արձագանքի հետեւանքը: Եթե հետագայում եւս այսպես լինի, ապա մեր որսորդները պարզապես կդադարեն գիշատիչ թռչունների որսի մասին նույնիսկ մտածել՝ թեկուզ եւ այն պատճառով, որ ավելի շատ բարդություններ կունենան, քան կասկածելի հաճույքն է»,- եզրափակեց Կարեն Աղաբաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ