News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։

Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղեւորվեց ՀՀ դեսպանատուն,  հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետեւ Հայոց Հայրապետն այցելեց Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգեւորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաեւ Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։

Այնուհետեւ Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք, որին ներկա էին Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների եւ պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես եկավ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը հանդես եկավ պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին եւ ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. ««Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ. ԺԲ 12): Որպես հոգեւոր դարման եւ սփոփանք մեր առջեւ ծառացող ամեն մարտահրավերի ու դժվարության հաղթահարման` Ս. Պողոս առաքյալի այս խոսքերն ենք փոխանցում ձեզ` կյանքը լուսավորելու տերունապարգեւ հույսով եւ օրհնությամբ: Մեր ժողովուրդը եւս կրել է աղետալի երկրաշարժի պատուհասած ցավը` 1988 թ.: Այդ օրերի դառնությունը տակավին չի ջնջվել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից, սակայն հայրենի մեր երկիրը եւ մեր կյանքը վերականգնված տեսնելու վճռականությունը, մեզ օգնության հասած բարեսեր մարդկանց, մարդասիրական կազմակերպությանց եւ բարեկամ երկրների պարզած օգնության ձեռքը, դրսեւորած սերն ու կարեկցանքը, հոգեւոր մխիթարությունն ու քաջալերությունը մեզ համակեց լավատեսությամբ, լցրեց զորությամբ` համբերությամբ ու աղոթքով լծվելու նոր կյանքի կերտմանը:

Սիրելիներ, հայ ժողովրդի այս վկայությունն ենք կամենում փոխանցել ձեզ. մի ժողովուրդ, որի կյանքը պատմության արահետներում, հակառակ անհամար փորձությունների, դժվարությունների, որոգայթների եւ կոտորածների, միշտ էլ եղավ հարության, առ Աստված ապավինության եւ վերաշինության պատմություն:

Առ Աստված հավատքով եւ քրիստոնեական առաքինությանց նկատմամբ ամենայն նախանձախնդրությամբ Մեքսիկայի ժողովուրդը, որի անքակտելի մասն է կազմում նաեւ մեր հայ համայնքը, այսօր նույնպես աղետի հետեւանքները վերացնելու գործին լծված է հույսով, զոհվածների հարազատներին սփոփելու եւ վիրավորներին դարմանելու ծանր առաքելության մեջ զինված է աղոթքով ու համբերությամբ` հաղթահարելու Մեքսիկայի պատմության մեջ դժվարին այս փորձությունը: Մեր մաղթանքն է, որ Տերն Իր ամենազոր Աջի ներքո պահի Մեքսիկայի Կաթոլիկ Եկեղեցին, զորացնի բարեջան հոգեւոր սպասավորներին երկնավոր Վարդապետի կողմից իրենց վստահված կոչման մեջ` անսպառ սիրով ու կարեկցությամբ, հոգեւոր մխիթարությամբ եւ հույսով սփոփելու համար Մեխիկոյի աստվածասեր ժողովրդին, դարմանելու աղետալի երկրաշարժի հետեւանքով պատճառված հոգեւոր, բարոյական ու նյութական վնասները»: Հայոց Հայրապետը քաջալերություն ու մխիթարություն մաղթեց Մեքսիկայի ժողովրդին եւ աղոթեց զոհվածների հոգիների հանգստության համար:

Արարողությունից հետո Նորին Սրբությունն այցելեց Մեխիկոյի «Հիշողության եւ հանդուրժողականության թանգարան», որտեղ ներկայացված են 20-րդ դարի ցեղասպանությունների, այդ թվում եւ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ: Թանգարանի հանդիսությունների սրահում ընդունելություն էր կազմակերպվել Մեխիկոյի հայ համայնքի կողմից։

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ դեսպան Արա Այվազյանը, քաղաքային իշխանությունների եւ քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ։ Բարիգալստյան խոսք ասաց ՀՀ դեսպանը։ Համայնքի անդամները հանդես եկան ողջույնի խոսքերով՝ իրենց խանդավառությունն ու ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետի այցելության առիթով։ Նորին Սրբությունը ողջունեց այս հանդիպմանը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, պետական այրերի ներկայությունը, իր օրհնությունը բերեց հայ համայնքին՝ արտահայտելով իր ուրախությունն ու ջերմ տպավորությունները այցելության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց մեքսիկահայ հայորդիներին հաստատուն մնալ իրենց եկեղեցանվիրման ու ազգանվիրման առաքելության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ