News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անում է, որ բացահայտեն ապօրինի ծառահատումները, իսկ հեղինակները՝ պատժվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հարուցված քրեական գործի մասին, ըստ որի՝ հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու եւ պատճառված վնասը նվազեցնելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստացող կազմակերպություններ ու անձինք, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ:

Արծվիկ Մինասյանը հավաստիարեց, որ իրենք բացահայտումների հարցում ամենաշահագրգիռ կողմերից մեկն են. «Ներկայումս էլ տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ 4 անտառտնտեսություններում: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնել ու իրականացնում, որից 9-ը անտառահատումների վերաբերյալ է: Մեր նպատակն է՝ բացահայտել բոլոր հնարավոր իրավախախտումները, օգնել ու օժանդակել իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, որ լիարժեք բացահայտումներ լինեն:

Այն անձինք, պաշտոնատար այն անձինք, հասարակության մեջ որոշակի դերակատարություն ունեցող անձինք, ովքեր քաջալերում են, օժանդակում են ապօրինի գործողություններ, նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության: Չի կարելի ապօրինությունը դարձնել կյանքի նորմ: Սա է մեր սկզբունքը: Մենք մեր լիազորությունների շրջանակներում օժանդակում ենք, իրականացնում ենք լայնամաշտաբ ստուգումներ»:

Հարցին՝ շա՞տ են նման դեպքերը, երբ ապօրինի գործողություններ են կատարվում, Մինասյանը պատասխանեց. «Դուք առաջիկայում կլսեք առաջիկա դեպքերի մասին»:

Մինասյանն ասաց, որ այս պահին Դիլիջան ազգային պարկում, Տավուշի անտառտնտեսություններում, նախատեսվում է առաջիկայում հարուցել եւս 4 քրեական գործ, այն էլ՝ նեղ ֆինանսական միջոցների պարագայում:

Մինասյանը նշեց, որ իրենց չի բավարարում բյուջեով տրված հատկացումները տեսչական աշխատանքներ կատարելու, ապօրինությունները հայտնաբերելու համար. «Մենք ունենք համաձայնագրեր մի քանի կազմակերպությունների հետ,  որոնք մեքենա, սարքավորումներ կտրամադրեն, բայց մեքն ունենք մեծածավալ համակարգի ստեղծման կարիք: Տեսչական մարմինը 24 մեքենա ունի, որից 20 անսարք վիճակում են»:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ նախկինում նման բացահայտումներ չէին արվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ինքը պատասխանատու է իր կառավարման ժամանակահատվածի գործողությունների մասին. «Որեւէ մեկը չի սահմանափակել մարդու տաքանալու իրավունքը, բայց ապօրինությունների միջոցով կուտակել եկամուտներ, փորձել այն դարձնել կյանքի նորմ, պատժվելու է, բացահայտումները շարունակվելու են: Կարող եմ արձանագրել, որ մենք Հայաստանի բնապահպան ռեսուրսների օգտագործման պահպանության ուղությամբ լայնամաշտաբ գործողություններ են սկսել: Եթե մեզ հաջողվի հանրության մոտ ձեւավորել պատկերացումը, որ բնական ռեսուրսը հանրային սեփականություն է, դա կլինի փայլուն արդյունք: Եթե մեկն ասում է, որ անտառը կարող ենք ավիրել, կտրել, փրթել, մենք պետք է կանգնենք ու ասենք՝ ոչ, անտառը բոլորինն է»:

Տպել
Ամենաշատ